Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի կարծում, որ բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցումը նպատակ ունի ուժեղացնելու քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունը։ Այդ մասին նա հայտարարել է՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին։
«Հեռախոսների IMEI-ների պարտադիր գրանցման նախաձեռնության նպատակը քաղաքացիներին հսկողության տակ վերցնելը չէ, այլ ապօրինի ճանապարհով Հայաստան ներմուծվող հեռախոսների շրջանառությունը կանխելը»,- նշել է Գալյանը։
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցումը, ապօրինի ներմուծումը կանխելուց բացի, չի՞ կարող օգտագործվել լրագրողների և այլ քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ մասնագետների հնչեցրած մտահոգությունները։
«Բոլոր նմանատիպ դեպքերի համար պետք է ապահովվի անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ, և այժմ մշակվում է անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենսդրություն։ Այս առումով, կարծում եմ, պետք է որ փարատվեն ձեր բոլոր մտահոգությունները»,- հավելել է նախարարը՝ հավաստիացնելով, որ IMEI կոդերի հետ կապված նախագիծը բացարձակ հսկողության նպատակ չունի։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) նախագծով՝ Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։ Այն կներառի հեռախոսների IMEI կոդերը, դրանց օգտագործողների, գործող SIM/eSIM համարների և սարքերի օրինական շրջանառության վերաբերյալ տվյալներ։ Նշենք, որ IMEI-ը յուրաքանչյուր բջջային հեռախոսի եզակի նույնականացման համարն է։ Այն հեռախոսի «անձնագիրն» է․ նույն IMEI-ով երկու օրինական հեռախոս չի լինում։
Փորձագետները հայտարարել էին, որ IMEI-կոդերի միասնական շտեմարանի ստեղծման նախագիծը լիարժեք չի համապատասխանում անձնական տվյալների մշակման օրինականության և համաչափության սկզբունքներին։ Նախագիծը, նրանց կարծիքով, չի նախատեսում անձնական տվյալների պաշտպանության բավարար երաշխիքներ։




































