Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է սկսվել՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գերատեսչությունը մայիսի 12-ին տեղեկացրել էր, որ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, կբռնագանձվեն Կոտայքի մարզի Առինջ գյուղի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված 90%-ը։
Դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպվել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասում, նշել են դատախազությունից։
«Մասնավորապես՝ կազմակերպել է երեսպատված սալիկների ապամոնտաժում, դռների ու պատուհանների տեղահանում և այլն»,- նշվում է հաղորդագրության մեջ։




































