Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել համացանցում տարածված անհայտ մարդկանց կողմից տեսանյութի առնչությամբ, որտեղ սպառնալիքներ են հնչում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։
Ըստ ՔԿ-ի՝ տեսանյութը պարունակում է վարչապետի ֆիզիկական գոյությանն ուղղված սպառնալիք։ Իրականացվում է նախաքննություն՝ տեսանյութում պատկերված անձանց ինքնությունը պարզելու նպատակով, հայտնել են ՔԿ-ից։
Մայիսի 18-ին համացանցում տարածված տեսանյութում դիմակավորված հինգ անձինք են, որոնցից մեկն Արցախի բարբառով մեղադրանքներ է հնչեցնում Փաշինյանի հասցեին՝ վերջինիս պատասխանատու համարելով Արցախի կորստի և Հայաստանի անվտանգային խնդիրների համար։
«Ասում ես՝ Հայաստանն անկախ է, խաբում ես, անկախ չէ, դու Հայաստանն էլ ես ուզում հանձնել Ադրեբեջանին։ Արցախի տարածքներում պղծում են մեր գերեզմանները, եկեղեցիները, մեր հողն ու ջուրը․․․ Նիկո՛լ, դու պատասխան ես տալու»,- ասվում է տեսագրության մեջ։
Բացի այդ, դիմակավորված անձը նշել է, որ իրենք տեղեկացված են վարչապետի տեղաշարժերի մասին, պատրաստվում են գտնել և հաշվեհարդար տեսնել։
Փաշինյանը, Արաբկիր վարչական շրջանում անդրադառնալով այս տեսանյութին, հայտարարել էր, որ տեսանյութի հեղինակներն Արցախից «փախածներ են»։
Արաբկիրում քարոզարշավի ժամանակ նա վիճաբանության էր բռնվել նաև Արցախից տեղահանված քաղաքացու հետ, սպառնացել նրան, անվանել՝ «լակոտ», «փախած»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







