ԱԺ պետական-իրավական հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել ազատազրկված մեղադրյալների և դատապարտյալների համար տեսակապի կիրառմամբ հեռավար ձևաչափով դատական նիստեր անցկացնելու հնարավորությանը։
Նախաձեռնությունն առաջարկել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Ըստ նրա՝ նախաձեռնությունն ուղղված է գործընթացի մասնակիցների անվտանգության ապահովմանը, հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև դատական քննությունները ողջամիտ ժամկետներում անցկացնելուն։ Նա նշել է, որ նման պրակտիկա արդեն կիրառվել է քովիդի համավարակի ժամանակահատվածում, և այժմ կառավարությունը մտադիր է այն մշտական հիմունքներով ինստիտուցիոնալացնել։
Ղազարյանն ընդգծել է, որ նախագիծը հաշվի է առնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, որը թույլ է տալիս հեռավար նիստերի անցկացումը՝ անհրաժեշտ դատավարական երաշխիքների առկայության դեպքում։
«Կարգավորումը հնարավորություն կտա մեղադրյալի և դատապաշտպանի լիարժեք մասնակցությունը դատական նիստին։ Մասնավորապես, սահմանվում է, որ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, ով պետք է գտնվի մեղադրյալի գտնվելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում՝ ՁՊՎ-ում»,- նշել է Ղազարյանը։
Ըստ պաշտոնյայի՝ եթե այս ամենը հնարավոր չի լինում ապահովել, ապա դատական պրոցեսը շարունակվում է ընդհանուր կարգով։ Նա հավելել է, որ համակարգի ներդրման համար մեկուսարանների, քրեակատարողական հիմնարկների և դատական դահլիճների տեխնիկական հագեցում կպահանջվի։





































