«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը նրա տնային կալանքը վերացնելու նոր միջնորդություն կներկայացնի դատարան, լրագրողներին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Փաստաբանը նշել է, որ Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը չի կարող համարվել ողջամիտ՝ հատկապես ընտրական գործընթացի պայմաններում։ Նրա խոսքով՝ Կարապետյանը, գտնվելով տնային կալանքի տակ, արդեն ունեցել է 500-ից ավելի հանդիպում, ինչը, ըստ նրա, վկայում է, որ որևէ ռիսկային վարքագիծ չի արձանագրվել։
Վարդևանյանը հավելել է, որ երկարատև սահմանափակումը, երբ որևէ խախտում չի արձանագրվել, ունի քաղաքական ենթատեքստ և խոչընդոտում է դաշինքի լիարժեք մասնակցությանը քարոզարշավին։
Նա նաև ընդգծել է, որ Կարապետյանը, լինելով դաշինքի առաջնորդներից, պետք է հնարավորություն ունենա մասնակցել նախընտրական գործընթացներին, մինչդեռ ներկայում զրկված է այդ հնարավորությունից։
Նրա խոսքով՝ առաջիկայում պաշտպանության կողմը կրկին դիմելու է դատարան՝ պահանջելով վերացնել տնային կալանքը որպես խափանման միջոց՝ հաշվի առնելով ինչպես ընտրական գործընթացը, այնպես էլ խափանման միջոցի անհամաչափությունը։
Վարդևանյանը, անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին գրանցելուն, նշել է, որ որևէ մտահոգություն չեն ունեցել ընտրություններին մասնակցության հետ կապված։ Նրա գնահատմամբ՝ այս փուլով սկսվում է «փոփոխությունների շրջանը»։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։





































