Հակակոռուպցիոն դատարանը գործարար, «Առաջ Հայաստանին» նախաձեռնության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անմեղ է ճանաչել։
Ծառուկյանին և «Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով՝ ընտրակաշառք տալու համար։
Ըստ դատախազության՝ 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին իբր կաշառք է տրվել՝ հօգուտ կուսակցական դաշինքներից մեկի քվեարկելու նպատակով։
Դատական նիստի ընթացքում փաստաբան Էմին Խաչատրյանը պահանջել էր արդարացնել Ծառուկյանին։ Գործարարը հրաժարվել էր հանդես գալ վերջին խոսքով։
Նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը ողջունել է արդարացման որոշումը և հայտարարել է, որ Ծառուկյանի մեղավորության գեթ մեկ ապացույց չկար, բայց պրոցեսները, քաղաքական երևույթները հուշում էին դատարանի կաշկանդվածության մասին։ Նա չի բացառել, որ դատարանի որոշումը կբողոքարկվի ՀՀ գլխավոր դատախազության կողմից։






































