ՀՀ Ոստիկանությունն ու ՄԻՊ-ն արձանագել են Ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցած միջադեպին։
Այսօր վաղ առավոտյան Ոստիկանության Կապանի բաժին երեք բնակչի են բերման ենթարկել: Ավելի ուշ բերման ենթարկվածներից մեկին ազատ են արձակել: Դրանից հետո համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում են վերջինիս մարմնի վրա բռնության հետքերը: Տեղացիները պնդել են, որ բերման ենթարկվածներին ծեծի են ենթարկել:
ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ։
ՄԻՊ-ն էլ հայտարարել է, որ մանրամասն ուսումնասիրվում են նաև բոլոր հրապարակային տվյալները, այդ թվում՝ լուսանկարները:
Ահազանգերից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թե ՛ կենտրոնական մարմինը, թե՛ Սյունիքի մարզային ստորաբաժանումը նախաձեռնել են անհրաժեշտ քայլեր, հայտնել է ՄԻՊ-ը: «Աշխատանքներ են տարվել Ոստիկանության և քննչական մարմինների հետ: Կապի մեջ ենք փաստաբանների ու ահազանգ ներկայացրած քաղաքացիների հետ: Արդեն իսկ աշխատում է մեր Կապանի ստորաբաժանումը և փաստաբանները կամ քաղաքացիները կարող են ստանալ լիարժեք աջակցություն»,-նշել է Թաթոյանը։
ՄԻՊ-ը հայտարարել է, որ նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ։ «Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի Դատախազություն և Ոստիկանություն։ Փաստաբանները նշել են, որ ահազանգից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին առավոտյան կներկայացնեն լրացուցիչ գրավոր բողոք, ինչը նույնպես հաշվի կառնվի մեր գրավոր պահանջները կազմելիս»,-նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







