Դատարանը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն պարտավորեցրել է ապահովել կարգալույծ քահանաներ Արամայիս Թախմազյանի (նախկինում Տեր Թադե-խմբ․) և Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանի (նախկինում Տեր Արամ-խմբ․) պաշտոնավարումը՝ որպես հոգևոր հովիվներ, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Դատարանը եկեղեցուն պարտավորեցրել է «ամբողջությամբ և առանց խոչընդոտ» ապահովել Թախմազյանի պաշտոնավարումը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի, Ասատրյանին՝ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոններում։
Միևնույն ժամանակ դատարանը Ասատրյանի մասով եկեղեցուց պահանջել է նրա կարգալուծության հիմքում ընկած փաստեր, իրավական ակտեր ու պայմանագրեր հաստատող ապացույցներ ներկայացնել։
Կարգալույծ քահանաները դիմել էին դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ իրենց կարգալույծ անելու որոշումը, վերականգնել հոգևոր հովվի կարգավիճակը։
Ասատրյանը և Թախմազյանը 2025-ին միացել էին կաթողիկոսի և եկեղեցու դեմ գործընթացներին, ինչից հետո Վեհափառի կողմից կարգալույծ էին հռչակվել։ Նրանք, սակայն, չեն ընդունում իրենց ներկայիս կարգավիճակը՝ շարունակելով ծեսեր մատուցել, որոնց երբեմն ներկա է գտնվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ պնդելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։
Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, որոնց թվում էր նաև Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել: Դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտը։
ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել Վեհափառի ելքը Հայաստանից։
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
Նախկին հոգևորականների «արարողությունները» վավերական չեն․ Արագածոտնի թեմ

































