Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը, հայտնում են Մայր Աթոռից։
Ըստ հաղորդագրության՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Թադե քահանան վարկաբեկել է եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով։
Բացի այդ, նշվում է, որ նա իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին, պատարագներին կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը՝ իրեն դուրս դնելով եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը։ Տեր Թադեն, ըստ Մայր Աթռի, եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։
Նշվում է, որ կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով:
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն Armeia Today-ին հայտնել էր, որ Տեր Թադեի ու Տավուշի թեմից Տեր Տարոն քահանա Հունանյանի կարգապահական հարցերն ընդգրկված են Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի օրակարգում։ Նոյեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել էր Տեր Թադեի կողմից մատուցվող պատարագին։
Թախմազյանն ավելի վաղ քաղաքացիերին հրավիրել էր Հովհաննավանք՝ մասնակցելու նոյեմբերի 2-ին կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի՝ արդեն 2-րդ ծեսին, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թախմազյանը, մասնավորապես, նշել էր, որ կողմ է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա-խմբ.) «արդար ձայնին»։
Նոյեմբերի 30-ին եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։




































