ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել Հանրային խորհրդի նախագահի ֆեյսբուքյան գրառումը, որն արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ:
Նախօրեին Հանրայի խորհրդի նախագահը փորձագետ Անժելա Էլիբեգովայի վերաբերյալ գրառում էր կատարել:
«Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ մարդու արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող գրառում է անում երկրի Հանրային խորհրդի նախագահը՝ որպես հանրային պաշտոն զբաղեցնող և օրենքով ստեղծված ու կոնկրետ խնդիրներ, իրավական կոնկրետ կարգավիճակ ունեցող մարմնի ղեկավար, ում պաշտոնի հրամայականով թելադրված պարտադիր խնդիրն է հասարակությունում փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը»,-ասվում է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։
ՄԻՊ-ի կողմից գրառման ուսումնասիրությունը վկայում է, որ դա արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ: Մտահոգիչ է համարվել նաև այն, որ այդ գրառման ներքո արվել են արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանություններ, որոնք ոչ միայն չեն հեռացվում, այլ նաև ակնհայտ խրախուսվում են։
«Ցանկացած տեսակի բանավեճում պետք է քննարկել միայն բովանդակային կամ առարկայական հարցեր՝ առանց ընդդիմախոսին վիրավորանք հասցնելու կամ նրա արժանապատվությունը նսեմացնելու»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=631371057462103&id=100017676420633
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







