Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ։ Գործադիրը մշակել է հակաճգնաժամային 15 միջոցառումներ` կորոնավիրուսի տնտեսական ու սոցիալական հետևանքների մեղմման համար։
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից՝ շուրջ մեկ ու կես ամսվա դադարից հետո, հանվել են սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։ Սահմանափակումները չեղարկելու նպատակահարմարության, ստեղծված իրավիճակում տնտեսական շոկերին դիմակայելու համար Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության, հարկային արձակուրդի գաղափարի մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հետ։
Կարապետյանի խոսքով՝ Կառավարությունում ստեղծված է աշխատանքային խումբ, որի մեջ ներառված են Ազգային ժողովից պատգամավորներ և ամենօրյա կտրվածքով քննարկվում են հակաճգնաժամային միջոցառումները։
«Երկու տրամաբանություն կա դրված միջոցառումների մեջ, առաջինը՝ պետք է բացահայտվեն բոլոր խոցելի խմբերը, մարդիկ, ովքեր կորոնավիրուսի ազդեցությունից կորցրել են իրենց եկամուտները․ առաջին օգնության աջակցության միջոցառումները նրանց են ուղղված։
Երկրորդ մասով մենք նայում ենք արդեն տնտեսությանը, որո՞նք ենք տնտեսության այն ճյուղերը, այն ձեռնարկությունները, որոնք տուժել են այս գործընթացից, և ինչպես ենք մենք կարողանում օգնել այդ ձեռնարկություններին։ Միջոցառումների մյուս մասն ուղղված է եղել այդ ձեռնարկություններին կարճաժամկետ օգնության տրամադրմանը՝ դրամաշնորհների կամ վարկերի տեսքով։ Միջոցառումների Երրորդ խումբը, որը կառավարությունը կառաջարկի տնտեսությանը՝ դա արդեն ռազմավարական ճյուղերին աջակցությունն է, որպեսզի մեր տնտեսությունը շահած դուրս գա այս վիճակից»,- նշեց նա։
Անդրադառնալով որոշ սահմանափակումների չեղարկմանը, պատգամավորի խոսքով՝ իրավիճակը փոխվում է, և աշխարհն այլ ուղղությամբ է սկսում զարգանալ, եթե մենք կարողանանք ճիշտ ռեսուրսներով, ենթակառուցվածքներով և միջավայրով ապահովել մեր ձեռնարկություններին, որոշ տնտեսական ճյուղեր կարող են շահած դուրս գալ այս իրավիճակից։
«Մենք փորձում ենք մի կողմից խրախուսել, որպեսզի այն ճյուղերն ու մարդիկ, ովքեր տուժել են առաջ գան, մյուս կողմից օգնենք, որպեսզի մեր տնտեսության առաջատար ճյուղերն ու ձեռնարկություններն ամբողջ տնտեսությունը քաշեն առաջ։ Սրանք երկու հիմնական խնդիրներն են, որը կառավարությունը դրել է իր առջև»,- նկատեց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է վարկային ծրագրերը անհատույց աջակցությամբ փոխարինելուն, Կարապետյանն ընդգծեց, որ մոտեցումը, որն առաջարկում են «Լուսավոր Հայաստանի» գործընկերները, հակասում է իրենց մոտեցմանը։
«Սրանք երկու առանձին մոտեցումներ են․ երկրներ կան, որ գնացել են մյուս ճանապարհով, մենք, քանի որ չունենք այդքան մեծ բյուջետային միջոցներ, մեզ համար սահմանել ենք նպատակ՝ գտնել ովքեր են տուժել ըստ ոլորտների, ճյուղերի՝ իրենց օգնել, որպեսզի չունենան օրհասական խնդիրներ»։
Պատգամավորը նշեց, որ եթե իրենց գործընկերները կամ հանրային կազմակերպությունները տեսնում են խոցված խմբեր, մարդիկ, որոնց եկամուտներն էապես կրճատվել է կորոնավիրուսի ազդեցությունից, և ում չի հասել Կառավարության օժանդակությունը՝ դիմեն իրենց կամ կառավարությանը, որպեսզի այդ խավերի համար ևս ձևավորեն աջակցության ծրագրեր։
Ինչ վերաբերում է հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությանը, ապա ըստ պատգամավորի, ունենք աննախադեպ իրավիճակ, աշխարհը երբևէ նման իրավիճակում չի եղել, որ համեմատեն, մշակեն ցուցանիշներ և ասեն՝ լավ ենք աշխատել, թե վատ։
«Մենք տեսնում ենք, որ մեր տնտեսության մեջ անկումը և կանխատեսվող անկումը անհամեմատ ավելի փոքր են, քան կլինեն հարևան երկրներում․ սա կարծում եմ դրական արդյունք է , անգամ՝ գոհացուցիչ։ Մենք անգամ տեսնում ենք, որ ապրիլ ամսվա ընթացքում՝ չնայած ունեցել ենք հազարավոր աշխատողներ, որոնք ազատվել են աշխատանքից, բայց, ընդհանուր առմամբ, ունեցել ենք աշխատատեղերի աճ։ Սա նշանակում է, որ մեր տնտեսության մեջ գյուղատնտեսությունը, շինարարությունը թափ է հավաքում, ոչ այն թափը, որը կար անցյալ տարի, բայց տնտեսությունը կարողանում է վերագործարկվել, և մենք աստիճանաբար առաջ ենք գնում»։
Նա տեղեկացրեց, որ այժմ տարբեր ճյուղերում աշխատատեղեր են ստեղծվում։ Հնարավոր է մայիս ամսվա ընթացքում տեսնենք այլ իրավիճակը, կունենանք բացասական միտում աշխատաշուկայում, բայց այս պահի դրությամբ այդ միտումն, ըստ Կարապետյանի՝ առկա չէ, և կառավարության աջակցության մի քանի ծրագրերն ուղղված էին հենց այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց աշխատատեղը՝ կորոնավիրուսի հետ կապված։
«Դա է պատճառը, որ ասում ենք՝ եկեք բացահայտենք մարդկանց և ոչ թե օգնենք բոլորին, որովհետև բոլորին օգնելու դեպքում, հնարավոր է օգնում ենք քիչ խոցված 30 տոկոսին էլ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ գուցե իրավունք ունի գոյություն ունենալ միտքը, թե պետք է տնտեսությանը հնարավորինս շատ միջոցներ տալ, մարդկանց գումար տալ՝ գնումներ կատարեն, բայց այն մոտեցումը, որով իրենք գնացել են առաջ, պատգամավորը կարծում է՝ ճիշտ մեթոդական ուղղություն է այս իրավիճակի համար։
Վարազդատ Կարապետյանն անդրադառնալով հարկային արձակուրդի գաղափարին, նշեց, որ հարկերը հիմնականում կապված են եղել ձեռնարկությունների շրջանառության հետ։
«Մեր միջոցառումներից մեկը, որը մշակվեց, յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի փոխհատուցումն է պետության կողմից՝ որպես դրամաշնորհ։ Դա նույնությամբ հավասար է այդ ընկերության մեկ ամսվա եկամտահարկին, որ ընկերությունը վճարում է պետությանը։ Այսինքն, փոխարենը հարկային արձակուրդ տալու, մենք գնացինք այլ ճանապարհով, գումարը տրամադրեցինք ձեռնարկությանը, որն էլ կորոշի գումարն ինչպես ծախսի։ Մյուս վարկային ծրագիրը ևս նույն նպատակն ունի։ Ձեռնարկությունը զրո տոկոսով վարկ է վերցնում և կարող է որոշել՝ հարկ տալ, աշխատավարձ տալ․ իր տրամաբանության մեջ այն շատ նման է հարկային արձակուրդին։ Երկու օրենսդրական փաթեթ ընդունեցինք ԱԺ-ում, մեկը վերաբերում է ձեռնարկություններին։ Եթե նրանք մինչև 1,5 միլիոն դրամ պարտք են պետությանը հարկերի գծով, ապա դրա վրա հաշվարկվող տուգանքները տարեկան չեն անցնում մոտավորապես 13 տոկոսը։ Մենք այս տոկոսն իջեցրել ենք, որպեսզի պետությունը դառնա ձեռնարկության ֆինանսավորողներից մեկը, ավելի լավ տոկոսով, քան բանկերն են անում, մյուս օրինագիծը, որը պարոն Թունյանն է առաջարկել արագացված ամորտիզացիայի հաշվարկն է, այսինքն, եթե ձեռնարկությունները հիմնական միջոցները ձեռք բերեն այս տարվա ընթացքում, ապա նրաք կարող են այդ ամբողջը ծախս ճանաչել հենց այս տարի, ոչ թե հինգ տարվա ընթացքում՝ սարքավորումների մասով։ Այսինքն մենք ուղիղ չենք գնացել հարկային արձակուրդների տրամադրմանը, բայց գոնե չորս գործիքներով ձեռնարկություններին հնարավորություն ենք տվել հարկերի վճարումներն ավելի ուշ կամ գումար ենք տվել զրո տոկոսով, որպեսի ձեռնարկությունը իր հարկը վճարի»,- եզրափակեց Կարապետյանը։
Նարե Հարությունյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







