Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոմունալ վճարումների չկատարման և դրա հետևանքով առաջացող ճգնաժամի մասին հայտարարությունից հետո ինձ մոտ տպավորություն էր, որ վարչապետը նոր է ծանոթացել էներգետիկ համակարգի աշխատանքի սկզբունքներին, բայց նույնիսկ եթե այդպես է, ապա մենք պետք է հասկանանք, որ այն թվերը, որոնք հնչեցվեց, որ այսքան բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի ու գազի, դրանք անձերի թիվը չեն, այլ՝ ընտանիքների՝ հազարավոր ընտանիքների, որոնց կոմունալ ծառայություններն անջատվել են։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ մեկնաբանելով վարչապետի այսօրվա հայտարարությունը, որ կոմունալ վճարումները չկատարելու դեպքում երկիրը կոլապսի կենթարկվեր։
«Այս պարագայում կառավարությունը պետք է համատարած աջակցություն տրամադրեր բոլորին, որի արդյունքում մարդիկ կկարողանային վճարել իրենց այն ծառայությունների համար, որոնք պետք է շարունակեն գործել՝ խոսքը և՛ կոմունալ, և՛ բանկային վճարումների մասին է»,- ասաց Խաժակյանը։
Երևանի ավագանու անդամի խոսքով՝ Փաշինյանը շատ կարևոր հանգամանք հաշվի չի առնում․
«Վարչապետը պնդում է, որ բոլոր նրանք, ովքեր վճարել են այս օրերի ընթացքում, նրանք սպեկուլացիայի էին դիմած եղել և ունենալով գումար՝ չէին կատարել իրենց կոմունալ վճարումները։ Սակայն այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ շատերը, իսկապես չունենալով լրացուցիչ գումար, հարկադրված կատարել են իրենց կոմունալ վճարումները՝ այդ գումարը «կտրելով» մեկ այլ ծախսից»,- ասաց Խաժակյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այսպիսի իրավիճակներ շատ են լինելու։
Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ կառավարությունն այս ամենին համարժեք չի վերաբերվում, և Փաշինյանը մեղադրանքն ուղղում է քաղաքացիներին։
Հարցին, թե 30 հազար դրամից ավել էլեկտրաէներգիա ու 80 հազար դրամից ավել գազ օգտագործելու պարագայում, կարո՞ղ ենք ասել, որ քաղաքացին ունի հնարավորություն դրա դիմաց վճարելու, սակայն հրաժարվում է այդ վճարումներից՝ Խաժակյանը նշեց․
«Այս դեպքում ևս կարող ենք ասել, որ Փաշինյանը չի տիրապետում երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին։ Օրինակ, եթե ընտանիքն ունեցել է ընտանեկան փոքր բիզնես, սակայն այն փակվել է արտակարգ իրավիճակի պատճառով, և այժմ այդ ընտանիքը չի կարող այդ ծախսերի համար վճարել, այս դեպքում այդ ընտանիքին համարում են ունևոր՝ ասելով, որ դուք աջակցության կարիք չունեք։ Այսօր այդպիսի բազմաթիվ ընտանիքներ ունենք, որոնք, ընտանեկան բիզնեսի չգործելու պատճառով, չեն կարող այդ վճարումները կատարել»։
Խաժակյանի համոզմամբ՝ արտակարգ դրությունն այլևս չի կարող երկարաձգվել, իսկ երկարաձգվելու պարագայում մենք կունենանք լրջագույն սոցիալական խնդիրներ, ընդ որում, դրանք արդեն կան ու էլ ավելի կսրվեն։
«Եթե Փաշինյանը չի ցանկանում օգտագործել պահուստներն ու մեղմել սոցիալ-տնտեսական վիճակը, այլ շարունակում է խոսել վիճակի շարունակական լինելու մասին, նշանակում է, որ նա առաջնորդվում է այն ֆինանսիստների խորհուրդներով, ովքեր ասում են՝ պետությունը պետք է պահի այդ գումարները և դրանք չպետք է ներարկի տնտեսության մեջ»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ Փաշինյանն իսկապես չի գնահատում եղած ռիսկներն ու թե ինչպես կարելի է տնտեսությունը վերագործարկել։
«Լույս» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ տնտեսության վերագործարկման հիմնական միջոցն այս պահին համատարած աջակցություն ցուցաբերելն է, և որքան արագ տեղի ունենա վերագործարկումն, այնքան հետևանքները կմեղմվեն։
«Ամբողջ աշխարհը ոչ թե գնացել է այն սկզբունքով, որ ցուցակագրվել են այն մարդիկ, ովքեր ունեն աջակցության կարիք, այլ ընդհակառակը՝ ցուցակագրվել են այն մարդիկ, ովքեր միանշանակ չունեն աջակցության կարիք»,- ասաց Խաժակյանը։
Երևանի ավագանու անդամի խոսքով՝ միանշանակ աջակցության կարիք չունեն այն մարդիկ, ովքեր աշխատում են կոմունալ ծառայությունների, պետական համակարգի, IT և բանկային ոլորտներում, իսկ մնացած բոլորին պետք է տրամադրվի որոշակի գումար։
Հարցին, թե որքա՞ն գումարը կարող է որոշակիորեն մեղմել այդ իրավիճակը՝ Խաժակյանը նշեց, որ իրենց պատկերացմամբ՝ խոսքը 100 հազարական դրամ աջակցության մասին է, որը մեր պահուստներում կա և եղած ամբողջ գումարը չէ, այլ՝ մի մասը։
Խաժակյանի համոզմամբ՝ այս աջակցության արդյունքնում, եթե նույնիսկ կա որևէ մեկը, ով չունի այդ աջակցության կարիքը, միևնույնն է այդ գումարը ծախսելու է Հայաստանում․ միևնույն է երկրից դուրս գալու հնարավորություն չկա։
«Այդ գումարը ծախսելով Հայաստանում՝ նպաստելու է տնտեսության վերագործարկմանը։ Նույնիսկ արտակարգ դրության ավարտից հետո երբ ծառայությունների ոլորտը բացվի, պետք է լինեն մարդիկ, ովքեր կարող են օգտվել դրանցից, իսկ եթե կառավարությունը մարդկանց գումար տա, ապա կունենանք վերագործարկման ավելի արագ ճանապարհ»,- եզրափակեց Խաժակյանը։
Վարդուհի Մկրտչյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







