ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը Armenia Today-ին պատմել է Արցախից բռնի տեղահանված երեխաներին աջակցելու միջոցառումների մասին։
-Խնդրում եմ՝ պատմեք սեպտեբերի 19-ին վերսկսած ադրբեջանական ագրեսիայի և ավելի ուշ այնտեղ վառելանյութի պահեստի պայթյունի հետևանքով տուժած երեխաների մասին: Նրանց աջակցելու ի՞նչ կարճաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարություն եք մշակել:
-Տեղահանված երեխաներին աջակցության ծրագրերը բազմաթիվ են: Այն բոլոր ծրագրերը, որոնք մինչ այդ վերաբերելի են եղել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, միանշանակ վերաբերելի են նաև տեղահանված երեխաներին: Դրանից զատ, այս պահին մշակվում է հոգեբանական աջակցության առանձին բաղադրիչ՝ պատերազմական վիճակից տուժած, տեղահանված երեխաների համար:
Այն ծրագրերը, որոնք գոյություն ունեն և միտված են կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն և մեղմելուն, հիմնականում ցերեկային խնամքի ծառայություններն են, որտեղ բազմամասնագիտական թիմի կողմից տրամադրվում են սոցիալ-հոգեբանական, վերականգնողական ծառայություններ, ընդ որում ոչ միայն երեխային, այլ նաև նրա ընտանիքին:
Հարկ է նկատի ունենալ, որ այստեղ շատ կարևոր բաղադրիչ է ընտանիքի հետ աշխատանքը, որովհետև տևական ժամանակ սթրեսային վիճակը բավականին լուրջ հետևանք թողել է ոչ միայն երեխայի, այլ նաև ընտանիքի վրա:
-Կա՞ն արդյոք մեկ կամ գուցե երկու ծնողին կորցրած երեխաներ: Նախարարությունն արդեն հավաքագրե՞լ է այդ երեխաների տվյալները: Մենք այդպիսի դեպքի ականատեսն ենք դառնում, երբ միանգամից 4 երեխա է որբանում ու մնում 82-ամյա տատիկի խնամքին: Ի՞նչ է լինելու այսպիսի երեխաների ճակատագիրը։ Եթե ոչ ամբողջական խնամակալություն, ապա գոնե որոշակի առանձին ֆինանսական աջակցություն պատրաստվո՞ւմ եք հատկացնել նրանց:
-Գործող օրենսդրության համաձայն՝ երեխաների կարգավիճակը հստակեցվում է համայնքային մակարդակում: Այս պահին այդ գործընթացն ընթացքի մեջ է, իհարկե նախարարության անմիջական տիրույթում է: Առանձին դեպքեր նույնիսկ քննարկվում են նախարարությունում՝ բազմամասնագիտական խմբերի, համայնքների, մարզպետարանների հետ, որպեսզի հստակ, ճիշտ լուծումներ տրվեն՝ հաշվի առնելով երեխաների սթրեսային վիճակը և դեպքերի առանձնահատկությունները:
Դրանից հետո երեխաները կունենան կա՛մ առանց ծնողի խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, եթե այդպիսի հիմքեր առկա են, կա՛մ կնշանակվեն խնամակալներ:
Պետությունն ունի ընտանեկան միջավայրում խնամքի կազմակերպման եղանակ, այն է՝ խնամատարությունը: Ի պատիվ խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց՝ բոլորն առաջին իսկ օրվանից նախարարության առաջարկությանը շատ արագ արձագանքել են և համաձայնել են ճգնաժամային խնամատարություն անցկացնել բոլոր այն դեպքերում, երբ դրա կարիքը կլինի: Այսինքն՝ ռեսուրսների առումով պետությունը կաշկանդված չէ: Ընթացքը ցույց կտա՝ որ դեպում ինչ լուծում կտրվի: Դրանից հետո նախարարությունը կսահմանի երեխաների կարգավիճակը և կտրվի համապատասխան գործընթացների սկիզբը:
-Այս պահին Արցախի գիշերօթիկ հաստատության 10 երեխաները տեղափոխվել են Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող համապատասխան հաստատություն։ Հնարավոր եղե՞լ է նույնականացնել նրանց ծնողներին ու կապ հաստատել նրանց հետ՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում են նրանց խնամքից հրաժարվել։ Ինչ աշխատանքներ են կատարվում երեխաներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ:
-Այո, 10 երեխայի մասին է խոսքը, որոնք գիշերօթիկ խնամքի հաստատությունից տեղափոխվել են Հայաստանի Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններից մեկը և այո՛, այն բոլոր փաստաթղթերը, որոնք կարողացել են իրենց հետ բերել, հիմք են հանդիսացել համալիր գնահատման աշխատանքները մեկնարկելու: Առաջին իսկ պահից այդ աշխատանքները մեկնարկել են:
Կան ծնողներ, որոնք արդեն իսկ ցանկություն են հայտնել վերադարձնել երեխաներին, հետաքրքրվել են երեխաների խնամքով, սակայն սա ևս շատ զգուշորեն և շատ մանրակրկիտ աշկատանք պահանջող գործընթաց է: Վերամիավորումն իհարկե խրախուսվում է, պետական քաղաքականությունից է բխում, բայց վերամիավորող մարմինները պետք է վստահ լինեն, որ բոլոր այն խոչընդոտները, որոնք առկա են եղել մինչ տեղահանումը երեխայի բաժանման համար, այս պահին վերացվել են: Մենք միտված ենք ընտանիքի վերամիավորմանը, սակայն դրա անհնարինության դեպքում քայլեր կձեռնարվեն ընտանիքի միջավայրում դաստիարակությունը կազմակերպելու:
-Մեր խմբագրությունը ստանում է բազմաթիվ նամակներ անհատներից ու հինադրամներից, որոնք ցանկություն ունեն սատար կանգնել պատերազմում տուժած երեխաներին: Արդյո՞ք նախարարությունը կամ կից այլ կառույցներ ստանում են նման երեխաներին աջակցելու դիմումներ։ Եվ առհասարակ ո՞ր հիմնադրամների հետ եք համագործակցում, որոնց միջոցով հնարավոր կդառնա կազմակերպել այդ աջակցությունը:
-Խնամքի կազմակերպման տեսանկյունից պետք է նշեմ, որ ընթացքը նույնն է, ինչ մնացյալ բոլոր դեպքերում, այսինքն՝ պիտի լինեն իրավական հիմքեր տվյալ անձի կողմից և հիմքեր՝ տվյալ երեխային այլընտրանքային խնամքի որևէ եղանակում ընդգրկելու: Գիշերօթիկ հաստատությունում խնամք ստացած լինելը դեռևս հիմք չէ որդեգրման համար, այս պահին փաստացի առանց ծնողական խնամքի մնացած լինելը հիմք չէ որդեգրման համար: Սրանք գործընթացներ են, որոնք պետք է անցնեն գործող օրենսդրության համապատասխան: Եթե լինեն այդպիսի հիմքեր, այդ երեխաներից կհաշվառվեն իբրև որդեգրման ենթակա երեխաներ:
Նրանց կարող են որդեգրել այն անձինք, ովքեր հաշվառված են, վերապատրաստված են որպես որդեգրել ցանկացող անձինք: Սրա մասին դեռ մի փոքր վաղ է խոսել, միգուցե չեն լինի որդեգրման ենթակա երեխաներ: Իսկ ինչ վերաբերում է աջակցության մնացյալ մեխանիզմենրին, գոյություն ունի հարթակ, որտեղ բոլոր ցանկացողները լրացնում են իրենց աջակցության հնարավոր եղանակները և դրանից հետո համապատասխան մարմինները կապ են հաստատում քննարկելու, ուղղորդելու նպատակով:
Ինչ վերաբեում է հիմնադրամներին, ապա երեխաների հիմնահարցերի ոլորտում նրանց հետ համագործակցելու անհրաժեշտությունը չի եղել:
-Շնորհակալություն:
Հարցազրույցը վարեց Արաքսյա Սնխչյանը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







