Ամուլսարում ստեղծված լարված իրավիճակի, բնապահպանների հետագա գործողությունների վերաբերյալ Armenia Today-ի թղթակիցը խոսել է ջերմուկցի բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանի հետ։
— Վերջին օրերին Ամուլսարի հանքի շահագործման շուրջ դարձյալ մեծ աղմուկ է բարձրացել։ «Ամուլսարի պահապաններ»-ի նախաձեռնած հանրագրին միացել են մի շարք համայնքների բազմաթիվ քաղաքացիներ, սակայն կառավարությունից և մարզպետարանից այս ամենի վերաբերյալ դեռևս պաշտոնական արձագանք չունենք։ Արդյոք կարո՞ղ ենք համարել, որ այս հարցի հետ կապված հակասություններ գոյություն ունեն տեղական իշխանությունների և կառավարության միջև։
— Կարծում եմ, այո՛։ Հանրագիրը վերաբերում էր Ջերմուկ քաղաքը էկոտնտեսական համայնք ճանաչելու և տարածքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին, որն արժանացել է տեղի ավագանու հավանությանը, իսկ մարզպետարանը դա վիճարկել է դատարանում, այսինքն՝ հայցով ներկայացրել է, որպեսզի չեղյալ համարվի, քանի որ իրենք գտնում էին, որ ավագանին այդպիսի լիազորություններ չունի։ Մարզպետարանը կառավարության առընթեր մարմին է, այսինքն՝ կառավարությունն իր դիրքորոշումը մարզեպետարանի միջոցով արտահայտում է։
— «Հայկական բնապահպանական ճակատ»-ը ներկայացրել է հստակ պահանջ՝ դադարեցնել հանքի շահագործման ծրագիրը։ Ինչպիսի՞ն են լինելու ձեր հետագա քայլերը, եթե կառավարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը չկատարեն ձեր պահանջները։
-Այս պահին մենք «Լիդիան Արմենիա» ընկերությունից ոչ մի պահանջ չունենք, մեր պահանջը մեր ժողովրդի կողմից ընտրված կառավարությունից է միայն, «Լիդիան Արմենիա»-ն ունի հատուկ գործելաոճ, որը բազմիցս տեսել ենք։ Կառավարությունից ունենք երկու կարճաժամկետ պահանջ, որոնցից մեկն այդ վագոն-տնակների տարածքից հանելն է, որը գտնում ենք, որ պետության գործառույթն է, քանի որ դրանով խախտվել է ՀՀ-ի օրենքը ճանապարհների մասին, հաջորդը՝ այդ պահնորդական ծառայությանը ստիպելն է, որպեսզի տարածքից հեռանա, քանի որ աշխատանքային այս ամիսների ընթացքում բախումներ են եղել նրանց և «Ամուլսարի պահապանների» միջև։ Նրանք անընդհատ սադրանքներ են հրահրում, և անընդհատ լարված վիճակ է։ Երրորդ պահանջը, որ կառավարությունը պետք է հստակ օր ասի ու հարցի լուծում տա, այդ պահանջով դեռ բազմաթիվ ակցիաներ կլինեն։ Դա հնարավոր է 5 օր տևի, 10 օր տևի, այսինքն՝ մենք հասկանում ենք, որ դա մեկ օրվա լուծվող հարց չէ։ Դրա համար մենք այդ երկու հարցը առաջ ենք քաշել, որպեսզի կարճաժամկետ լուծվի, դրանից հետո կտեղափոխվենք բանակցային դաշտ։
-Մինչ կառավարության այդ որոշումը ի՞նչ քայլեր եք պատրաստվում իրականացնել։
-Այս պահին կոնկրետ մշակված քայլեր չունենք, բայց ունենք մեծ փորձ, հեղափոխությունից խաղաղ հնազանդության ակցիաները մենք շատ լավ գիտենք, արել ենք միասին ներկա կառավարության հետ, չենք մոռացել այդ մեթոդնեը։ Այս երկու կարճաժամկետ հարցի լուծումը տեսնում ենք, որ լինելու է Ջերմուկով, իսկ վերջին կարևորագույն ակցիաները կլինեն տարբեր տեղեր, այսինքն՝ այն վայրերում, որտեղ օրենքով արգելված չի խաղաղ հավաքենր, դա կլինի թե՛ Երևանում, թե՛ միջպետական ճանապարհների վրա և այլուր։
— Ամուլսարի ծրագիրն այս պահին ամենախոշոր օտարերկյա ներդրումային ծրագիրն է Հայաստանում։ «Լիդիան»-ի ներկայացրած ծրագրով Հայաստանի ՀՆԱ-ում ակնկալվում է տարեկան 1,4%-ի աճ։ Տնտեսության զարգացման ու բնապահպանական այս հարցի օպտիմալ լուծման ի՞նչ ճանապարհ եք տեսնում դուք։
-Դա «Լիդիան»-ի ներկայացրած տվյալն է, իսկ իրականությունն այլ է։ Իրականությունն այն է, որ «Լիդիանը» գտնվում է շուրջ 70 տարի գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական կայուն ճյուղի համարում ունեցող առողջարանային քաղաքի մոտ, որը այդ ճյուղով կարողանում է 1700 մշտական աշխատատեղ ապահովվել, և որը տնտեսության կայուն զարգացող ճյուղ է։ Այսինքն՝ ինքը որևէ կարճաժամկետ ներդրում չէ, որը մեծ դերակատարում ունի Հայաստանի և տարածաշրջանի զբոսաշրջային ծրագրերի մեջ։ Այն կայուն տնտեսական ճյուղ է, իսկ «Լիդիանը» առաջարկում է 700 աշխատատեղ ու 10 տարով՝ հանքարդյունաբերություն։ Այսինքն՝ պետությունն իր տնտեսական օգուտը որտեղ է տեսնում, այն պետական հանք չի, մի օֆշորային կազմակերպություն է եկել, պետք է հանի սարի մեջ եղածը, այդ ընթացքում մարդկանց տա աշխատավարձ կամ հարկեր։ Իսկ «Լիդիան»-ի նշած արտասահմանյան այդ լուրջ կառույցներից որևէ մեկն այս պահին իր կողքին կանգնած չէ, հրաժարվում են այդ ծրագրից, բորսաներից դուրս են գալիս, այսինքն՝ «Լիդիան»-ից մնացել է միայն լոգոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







