Սեպտեմբերից սկսած՝ ամբողջ աշխարհից սփյուռքահայ 100 մասնագետներ մեկ տարվա ընթացքում կաշխատեն Հայաստանի ավելի քան 20 տարբեր նախարարություններում և գրասենյակներում։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից մշակված, իրականացրած և ֆինանսավորվող «իԳործ» ծրագիրը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին լայնածավալ նախաձեռնությունն է ՝ Սփյուռքի հայ մասնագետներին մեր երկրի կառավարման համակարգում ներգրավելու տեսանկյունից։
Ծրագրի շուրջ Armeni Today-ի հարցերին պատասխանել են ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
-Համավարակով պայմանավորված՝ «իԳործ» ծրագրի մեկնարկն ազդարարվելու է սեպտեմբերից։ Գործառույթներին անցնելուց առաջ ընտրված 100 երիտասարդներն անցնելու՞ են որևէ դասընթաց, թե՞ գրասենյակն արդեն սկսել է իրենց հետ աշխատանքները։
-Այժմ ակտիվորեն ընթանում է ծրագրի հարցազրույցների փուլը, որը շուտով կավարտվի, և կընտրվեն վերջնական 100 մասնակիցները:
Հայաստան ժամանելուն պես նրանք մեր գրասենյակի և համապատասխան գերատեսչությունների կողմից անցնելու են արագ ինտեգրման կարճ պատրաստում, և սկսելու են իրենց աշխատանքային գործունեությունը:
-Ի՞նչ սկզբունքներով է կատարվել ընտրությունը, և ի՞նչ մասնագետների է տրվել նախապատվությունը։
-Ի սկզբանե ՀՀ 20 գերատեսչությունները ներկայացրել են մասնագետների իրենց պահանջարկը: Մասնագետների ընտրությունը կատարելիս հաշվի է առնվել նրանց կրթությունը, մասնագիտական աշխատանքային փորձը, վերոնշյալ երկու պահանջների համապատասխանությունն այն աշխատանքին, որը նրանք ընտրել են «իԳործ»-ի հայտադիմումը լրացնելիս, ինչպես նաև հայերենի և միջազգային լեզուների իմացության մակարդակը: 800 դիմորդներից հաջորդ փուլ են անցել 230-ը, որից 130-ի հետ անցկացվել և անցկացվում են հարցազրույցներ:
-100 երիտասարդները կաշխատեն միայն Երեւանի նախարարություններում, թե՞ կգործուղվեն նաև մարզեր։
-Ծրագիրն այս տարի առաջին անգամ է անցկացվում: Մենք վստահ ենք, որ այն շարունակական կլինի, և մյուս տարիներին մասնագետներ կգործուղվեն նաև մարզեր:
-Պատրաստվո՞ւմ եք արդյոք ծրագրի ամենահաջողած մասնակիցների հետ երկարատև համագործակցության պայմանագիր կնքել՝ աշխատանք առաջարկելով Հայաստանի կառավարման համակարգում։
-Ծրագրին մասնակցության տևողությունը 1 տարի է, սակայն դեռևս հարցազրույցների փուլում մասնակիցներից շատերը նշում են, որ այս ծրագիրն իրենց համար Հայաստան վերադառնալու, հայրենադարձվելու ճանապարհներից մեկն է:
Մենք միայն ուրախ կլինենք, եթե նրանք շարունակեն իրենց գործունեությունը պետական համակարգում կամ մասնավոր հատվածում:
-Հաշվի առնելով սփյուռքահայերի կառավարման փորձը՝ նախատեսվո՞ւմ է արդյոք նրանց օգնությամբ ներդնել աշխատանքի նոր մեխանիզմներ և սկզբունքներ, որոնք կբարձրացնեն պետծառայողի աշխատանքի արդյունավետությունը և կնպաստեն Հայաստանում պետական ծառայողի իմիջի բարելավմանը։
-Աներկբա է, որ այս մասնագետներն իրենց հետ նոր մշակույթ, շունչ, մասնագիտական և աշխատանքային նոր որակներ են բերելու և միայն դրական իմաստով ցնցելու են համակարգը: Վստահ ենք նաև, որ նրանց աշխատանքը կնպաստի տվյալ գերատեսչությունների գործունեությանը և առաջընթացին:
Լուսինե Թեւոսյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







