Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն անցկացվել է այսօր՝ մայիսի 19-ին, տեսակոնֆերանսի ձևանչափով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագինը չի կարող ներդրվել ինտեգրման ներկայիս մակարդակում։
Անդրադառնալով Հայաստանի և Բելառուսի ղեկավարների գազի փոխադրման և տարանցման ծառայությունների միասնական սակագնի անցնեկու առաջարկին՝ Պուտինը նշել է, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով և հարկման միասնական համակարգով․ ԵվրԱզԷՍ-ն ինտեգրման նման խորը մակարդակ դեռ չի հասել։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ գազի փոխադրման սակագների հարցը մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախապատրաստված նախագծի միակ չհամաձայնեցված կետն է:
Վլադիմիր Պուտինի գազի գնի հայտարարության մասին Armenia Today-ը զրուցել է էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ։
«Միասնական էներգետիկ շուկայի ձևավորման հարցը սահմանվել է ԵԱՏՄ պայմանագրով կամ ԵԱՏՄ ռազմավարությամբ, սակայն թե ինչ արագությամբ է ձևավորվում միասնական շուկան սա հարցի այլ կողմն է, քանի որ համակարգը պետք է ԵԱՏՄ անդամ պետությունները միասնաբար մշակեն և ներդնեն։ Սակայն մինչև միասնական շուկայի ու միասնական սկզբուքների ձևավորումը, գազի գինը հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների որակից է կախված, և մինչև 2025 թվականը չենք կարող սպասել, որ ԵԱՏՄ համակարգում ինչ-որ բան կփոխվի»,- ասաց փորձագետը։
Հարցին, թե միասնական սակագնի ձևավորումը տնտեսական առումով ինչպիսի՞ ազդեցություն կունենա Միության տնտեսական վիճակի ու անդամ երկրների տնտեսությունների վրա՝ Մանվելյանը նշեց, որ բավականին դժվար է այդ հարցին հստակ պատասխան տալը, քանի որ մի բան է՝ երբ գազի գինը որոշվում է երկու պետությունների միջև հարաբերություններով, մեկ այլ բան է, երբ գինը շուկան է թելադրում։
Փորձագետի խոսքով՝ շուկայի թելադրման պայմաններում, կախված պահանջարկից և առաջարկից, գները կորոշվեն, և բացառված չէ, որ գները կարող են ավելի բարձր լինել, քան այսօր են, այդուհանդերձ բացառված չէ, որ կարող են նաև ավելի ցածր գին լինել, քան՝ այսօր է։
«Մի իրավիճակ, երբ գինը որոշվում է Ռուսաստանի հետ հարաբերություններով, մեկ այլ իրավիճակ է, երբ շուկան է գինը թելադրում։ Եթե առաջին դեպքում շատ կանխատեսելի է գինը, հնարավոր է ռուսների հետ «գին պայմանավորվել» առաջիկա մի քանի տարիների համար, սակայն շուկայական հարաբերությունների դեպքում գինը կարող է փոխվել ամսեամիս, կամ տարին երկու-երեք անգամ գինը կարող է բարձրանալ կամ իջնել, ու դա կարող է ազդել նաև Հայաստանի վրա, և սա դեռ հարց է, թե Հայաստանի վրա տնտեսապես միասնական շուկայի ձևավորումն ինչպես կազդի»,- ասաց Մանվելյանը։
ՌԴ նախագահը նշել էր, որ ԵԱՏՄ-ում գազի շուկայում գնագոյացման հարցերը կարող են քննարկվել ավելի ուշ փորձագիտական մակարդակով։ Հարցին, թե փորձագիտական հանրույթի կարծիքը գազի գնի քաղաքական պայմանավորվածությունների վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենա փորձագետը նշեց․
«Անկեղծ ասած, փորձագիտական կարծիք ասելով չգիտեմ՝ ինչ նկատի ունեն, որովհետև փորձագետների կարծիքը չեմ կարծում, որ որևէ էական ազդեցություն կունենա գազի գնի պայմանավորվածությունների վերաբերյալ, բայցի այդ ես չգիտեմ՝ թե Հայաստանում կան այդպիսի փորձագետներ, ովքեր կարող են նման լուրջ փորձագիտական կարծիք տալ։ Այս առումով իմ մոտ տպավորություն է, որ այսկերպ հարցը հետաձգելու կամ ձգձգելու համար է արվում, քանի որ այս պահին հայ-ռուսական հարաբերությունները լավագույն օրերը չեն ապրում, հետևաբար գազի գնի նվազման մասին դժվար է խոսելը։ Գազի գինը շարունակում է մնալ քաղաքական պայմանավորվածությունների առարկա, և քաղաքական հարաբերություններն են որոշում գազի գինը, այլ՝ ոչ թե փորձագիտական կարծիքը»,- ասաց Մանվելյանը։
Պուտինը նաև նշել էր, որ կա բանաձև, որին աջակցում են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։
«Դրա էությունն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարելի էր որոշել ավելի ուշ ԵվրԱզԷՍ-ի գազի ընդհանուր շուկայի ձևավորման շուրջ բանակցություններում։ Այդ բանաձևը դեռևս չեն ընդունում մեր հայ և բելառուս գործընկերները, նրանք իրենց տեսակետն ունեն այդ հարցի վերաբերյալ»,- նշել է ՌԴ նախագահը։
Հարցին, թե առաջարկվող բանաձևի շուրջ համաձայնությունը կբերի ընդհանուր կոմպրոմիսի՝ Մանվելյանը նշեց, որ խնդիրը ոչ այնքան բանաձևերի մեջ է, որքան՝ ժամանակի խնդրի։
«Բելառուսն ու Հայաստանը ցանկանում են՝ այնպիսի միասնական բանաձև մտի այսօր, բայց ԵԱՏՄ պայմանագրով այն նախատեսվում է 2025 թվականին, և Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը կարծում են, որ իսկապես այդ ժամանակը պետք է, որպեսզի «միասնական շուկա» հասկացությունը մտցվի։ Հիմնական խնդիրը այդ շուկայում այն է, թե գազի դիմաց ինչ արժույթով են վճարելու․ եթե ռուսական ռուբլով, ապա դա շատ լավ է, բայց կարծում են, որ այնտեղ կշարունակվի գործել ամերիկյան դոլարը, իսկ այս պարագայում հնարավոր է գազի գինը շարունակի թանկ մնալ»,- եզրափակեց փորձագետը։
Վարդուհի Մկրտչյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







