Ապարան-Քուչակ ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել մեկ մարդ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23:52-ին։ Պարզվել է, որ բախվել են ZIL մակնիշի բեռնատարը և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան․ բեռնատարը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է, առկա է գազի արտահոսք։
Փրկարարները Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Արձանագրվել է ավտոմեքենայում արգելափակված ուղևորի մահը։
Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել բեռնատարի գազի բալոնի փականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







