Ապրիլի 27-ին, ժամը 11։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին առկա է քարաթափման վտանգ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար:
Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի կողմից իրականացվել է արհեստական քարաթափում՝ թույլ և ուղղորդված ստիպողական հրման աշխատանքներ, ինչի արդյունքում քարաբեկորները հեռացվել են (10 խմ):
Ճանապարհի մաքրման աշխատանքներին աջակցել են «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի 2 էքսկավատորներ:
ԱԻՆ-ը հիշեցնում է, որ ապրիլի 25-ին, ժամը 15:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. առկա է նոր քարաթափման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ). ճանապարհը երկկողմանի անցանելի է։
Ճանապարհի մաքրման աշխատանքները կիրականացվեն համայնքապետարանի կողմից:
Փրկարարների օգնության կարիք չի առաջացել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







