Հունիսի 12-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Կապանի 39-ամյա բնակչի կողմից վարվող, այլ անձի պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Վարդավանք-Կապան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, ոլորանային հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը, մահացած երկու անձինք պայմանագրային զինծառայողներ են, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Կապանի 36-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերություն։ Ավելի ուշ բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ վերջինս վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է»,- մանրամասնում են գերատեսչությունից:
Նշվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Վթարի պատճառները պարզելու նպատակով նաև նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։
«Նախաքննությունը շարունակվում է, ողբերգական դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







