Մարտի 8-ին` ժամը 20:55-ի սահմաններում, ԱԻՆ ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության՝ 3 մարտական հաշվարկ, փրկարար-հոգեբաններ, Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խումբը:
Փրկարարական աշխատանքներից 2 ժամ անց դուրս են բերվել հողի տակ մնացածների մարմինները. բժիշկները արձանագրել են նրանց մահը:
Ըստ դեպքի վայրում հավաքվածների` մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ, 38-ամյա Գագիկ Ղ.-ն և 52-ամյա Գարիկ Մ.-ն են:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







