Կապանում տղամարդը սպանելու դիտավորությամբ վրաերթի է ենթարկվել նախկին կնոջը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 6-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ։ 51-ամյա տղամարդն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել է:
Կոմիտեն հայտնում է, որ նույն օրը ստացվել է նաև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ահազանգն այն մասին, որ «գլխուղեղի ցնցում, դեմքի աջ և ձախ վերջույթների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վերոնշյալ կինը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 51-ամյա տղամարդու նախկին կինը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կապան քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ 51-ամյա տղամարդը 2014թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված «MP654-K» մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար և որպես պատիժ նշանակվել է տուգանք:
Եվս մեկ՝ 2016թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







