Արտաշատի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձի հայտնվելու և երեխաների ու աշխատակիցների տարհանմանման վերաբերյալ համացանցում տարածված լուրերից հետո մանկապարտեզը ժամանակավորապես փակվել է, հայտնել է Արտաշատի համայնքապետարանը։
Գերատեսչությունը նշել է, որ մանկապարտեզը փակ կլինի առաջիկա 2 օրերին, իսկ այդ ընթացքում մասնագետներն ու համապատասխան ծառայությունները տարածքի մանրակրկիտ զննություն և կանխարգելիչ աշխատանքներ կիրականացնեն։ Մանկապարտեզի աշխատանքը կվերսկսվի անհրաժեշտ աշխատանքների ավարտից հետո։
Կառույցից հորդորել են չանհանգստանալ՝ նշելով, որ երեխաների և աշխատակիցների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ իրավիճակը գտնվում է համայնքի ղեկավարության ուշադրության ներքո։
Սեպտեմբերի 16-ին Shamashyan․com-ը տեղեկություն էր տարածել, որ ժամը 10:00-ին համայնքի մանկապարտեզում տարհանում էր տեղի ունեցել։ ՆԳՆ-ն ավելի ուշ ԶԼՄ-ներին հայտնել էր, որ մեկնած մարտական հաշվարկի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում օձ չէր հայտնաբերվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







