2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտակարգ դեպքերի և պատահարների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17,5%-ով, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։ Ասուլիսի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Նրա խոսքով՝ տարվա առաջին վեց ամիսներին գրանցվել է 6421 արտակարգ դեպք և պատահար՝ նախորդ տարվա 7785-ի դիմաց։ Դրանց հետևանքով զոհվել է 146, տուժել՝ 4357 մարդ։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում զոհվել էր 152, տուժել՝ 4709 մարդ։
Փրկարարական ստորաբաժանումների ջանքերով հաջողվել է փրկել 68 մարդու կյանք։ Նախորդ տարվա համեմատ զոհերի թիվը նվազել է 6-ով, տուժածներինը՝ 352-ով։
Արտակարգ դեպքերի և պատահարների մեծ մասը տեխնածին է՝ 4737 դեպք կամ 73,8%։ Եվս 569 դեպք կապված է տարերային երևույթների, 1115-ը՝ սոցիալ-կենսաբանական գործոնների հետ։
Առավել տարածված դեպքերից Ղազարյանն առանձնացրել է հրդեհները՝ 2431 դեպք, ճանապարհատրանսպորտային պատահարները՝ 2151, և թունավորումները՝ 1006 դեպք։
Խոսելով շոգ եղանակին և հրդեհավտանգության բարձրացման պայմաններում իրականացվող միջոցառումների մասին՝ Ղազարյանը հայտնել է, որ փրկարարները Էկոպարեկային ծառայության աշխատակիցների և կամավորների հետ համատեղ իրականացնում են իրազեկման աշխատանքներ, տարածում անվտանգության կանոնների վերաբերյալ թռուցիկներ և առանձին տարածքներում հերթապահություն սահմանում՝ օպերատիվ արձագանք ապահովելու համար։
ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանն իր հերթին հայտնել է, որ հունիսին հաստատվել է անտառային հրդեհների կանխարգելման միասնական գործելակարգ։ Նրա խոսքով՝ աշխատակիցներն անցնում են համապատասխան վերապատրաստումներ, իսկ ռիսկերը գնահատելիս հաշվի են առնվում Հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալները, այդ թվում՝ քամու վերաբերյալ, որը կարող է նպաստել կրակի տարածմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







