Wildberries ընկերությունը մշակում է այն վաճառողների փոխհատուցումների և ֆինանսական աջակցության մեխանիզմները, որոնց ապրանքները պահվել են Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում, հայտնել է ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը։
Նրա խոսքով՝ չնայած ստեղծված արտակարգ իրավիճակին և կորցրած ապրանքների համար փոխհատուցում տրամադրելու իրավական պարտավորության բացակայությանը, ընկերությունն արդեն գնահատում է վաճառողներին կատարվելիք վճարումների ծավալները և ֆինանսական աջակցության լրացուցիչ միջոցառումները։
Վաճառողների համար նախատեսվող փոխհատուցումների, աջակցության միջոցների և դրանց ստացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի վաճառողների պորտալում։
Բացի այդ, Կիմը հայտնել է, որ Wildberries-ը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև լոգիստիկական կենտրոնների վրա հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և տուժածներին։ Զոհվածների ընտանիքները կստանան 2 մլն ռուբլի, իսկ ծանր վիճակում գտնվող տուժածները՝ 1 մլն ռուբլի։
Հուլիսի 18-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Wildberries-ի երկու լոգիստիկ համալիրի վրա՝ Տամբովի մարզի Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում: Կոտովսկում զոհվել էր գիշերային հերթափոխի 7 աշխատող, ևս 24-ը՝ վիրավորվել: Էլեկտրոստալում վիրավորվել էր ավելի քան 30 մարդ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







