«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել նախօրեին Երևանում չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի Facebook-յան էջից։
Նշվում է, որ վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Նա շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 8-ին, ժամը 14:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, պնևմոթորաքս, ազդրոսկրի կոտրվածք և ցայլքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Արդեն հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում երեխան՝ իր որդին, իրենց տան ննջասենյակի պատուհանը բաց լինելու հետևանքով, անզգուշաբար ցած է ընկել։






































