Թանգարանը բացվել է 1984 թվականի նոյեմբերի 19-ին, մոսկվաբնակ հայազգի բժիշկ Արամ Աբրահամյանի և իր տիկնոջ Մարիա Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա:
Թանգարանում ներկայացվում է ռուսական արվեստի պատմության լավագույն շրջանը, որի հիմքում 19-20-րդ դդ. տնտեսական ու բարոյական փոփոխություններն են. կան ինչպես ռուս, այնպես էլ հայ նշանավոր նկարիչների ստեղծագործություններ:
Թանգարանն ունի 7 դահլիճ, ցուցադրությունն արված է ըստ գաղափարական ուղղությունների: Ներկայացված են առավելապես ռուս 120 նկարիչների աշխատանքներ։ Թանգարանի ֆոնդերի քանակը կազմում է շուրջ 350 աշխատանք: Ներկայացված են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական ձևավորման վարպետների աշխատանքները, որոնք հիմնականում որոշիչ դեր խաղացին ռուսական ողջ մշակույթի հետագա զարգացման ընթացքում։
Ներկայացված են նաև 20-րդ դարի 20-ական և 30-ական թվականների, այսպես կոչված, «քիչ հայտնի ռուսական ավանգարդ» նկարիչների նախահեղափոխական շրջանի որոշ գեղանկարներ: Ցուցադրության գեղանկարչության հատվածը եզրափակում են թատերական ձևավորումների և զգեստների բարձրարժեք էսքիզները: Ցուցադրվում են նաև ռուս հեղինակների քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ` գեղարվեստական կահույք, ժամացույցներ, ճենապակե և ապակե իրեր: Հասցե՝ Իսահակյան փողոց. 38
Հեռ.՝ +374 10 56 03 31, +374 10 56 08 72 Կայք http://www.musrussart.am/ Ֆեյսբուք Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-շաբաթ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







