20-րդ դարի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչը՝ Մինաս Ավետիսյանը, ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում։ Պատանի հասակում նկարիչը տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով և միայն չափահաս դառնալուց հետո է ծանոթացել վերջինիս հետ։ Մարտիրոս Սարյանը, նկատելով տղայի ձիրքը, ասել է․
«Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել: Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր: Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում: Հիմա ես արդեն մենակ չեմ: Դու էլ մենակ չես: Ուրեմն, շարունակել խիզախել: Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»։
Մինաս Ավետիսյանի ոճը յուրահատուկ է։ Գունային համադրությունները ստեղծում են հաճելի տրամադրություն։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա անդրադարձել է նկարչական գրեթե բոլոր ոճերին՝ փորձելով գնալ դեպի անցյալի խորքերը և միաժամանակ քայլել ժամանակին համընթաց։ Իզուր չէ, որ նրա արվեստը համարում են կամուրջ անցյալի և ներկայի միջև։
Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թվականներին, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։ Մինասի թողած ժառանգության մեջ մեծ դեր ունեն որմնանկարները։ Նրա ստեղծած որմնանկարների ընդհանուր մակերեսը 500 քառակուսի մետրի է հասնում: 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով նրա որմնանկարների մեծ մասը վնասվում է։ Երկրաշարժից անմիջապես հետո կործանումից փրկվում է «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որը Բուլղարիայից հրավիրված մասնագետները հաջողությամբ տեղափոխում են Գյումրի քաղաքի թատրոնի շենք։ «Լեռներում» որմնանկարը լավ վիճակում է մինչ օրս:
Մնացած որմնանկարները աղետալի վիճակում էին մինչև 2009 թվականը, երբ իտալացի մասնագետները նրա մի քանի որմնանկարներ սկսում են վերականգնել: «Թորոս Ռոսլինի ծնունդը» հաջողությամբ տեղափոխվում է Ջաջուռ գյուղի Մինասի թանգարանը։ 2010 թ. «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարները վերականգնվում և տեղափոխվում են ՀՀ կառավարության շենք։
1975 փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին։
Մեծանուն նկարչի մասին խոսել են հայ մեծերը։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի մտքեր ասված նրա մասին․
«Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է…»
Վիլյամ Սարոյան
«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ: Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ` նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով: Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»․ Արամ Խաչատրյան
«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ: Նա իրենից կռանել էր մի մարդ, ում ստեղծած ոչ կատարելությունները նույնպես արժեք էին, ում ստեղծագործելն արդեն արժեք էր»․ Հրանտ Մաթևոսյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







