Հռոմի Տրևի շատրվանին մոտենալու և մետաղադրամներ նետելու համար այսուհետ կգանձվի 2 եվրո վճար, հայտնել է CNN-ը:
Տրևի շատրվանը Հռոմի ամենաշատ այցելություններ ունեցող վայրերից մեկն է. ըստ ավանդույթի՝ եթե մետաղադրամ նետես շատրվանի մեջ, ապա անպայման կվերադառնաս հավերժական քաղաք։ Երկու մետաղադրամը խոստանում է սեր իտալացու հետ, իսկ երեքը՝ ամուսնություն։
Փետրվարի 2-ից այդ ցանկություններից որևէ մեկը կատարելու համար այցելուները պետք է գնեն 2 եվրոյանոց տոմս:
Հռոմի քաղաքապետարանը տոմսային նոր համակարգը սահմանել է որպես հերթական քայլ՝ վերահսկելու մայրաքաղաքի ամենածանրաբեռնված տեսարժան վայրերից մեկում կուտակված բազմությանը։ Տոմսերը պարտադիր են երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 11:00-ից մինչև 22:00-ն, իսկ շաբաթվա մնացած օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 22:00-ն։ Ժամը 22:00-ից հետո ցանկապատերը բացվում են, և մուտքը բոլորի համար անվճար է։
Քաղաքային իշխանությունները 2024-ին փորձարկել էին ցանկապատային համակարգ՝ սահմանափակելու մուտքը դեպի շատրվանի եզրը և հասկանալու համար՝ արդյոք բազմության վերահսկումը հնարավո՞ր է։ Արդյունքում՝ զգալիորեն նվազել էր այն մարդկանց թիվը, ովքեր պատրաստ էին հերթ կանգնել՝ 18-րդ դարի բարոկկո գլուխգործոցը տեսնելու համար, որը գտնվում է հին ջրատարի վերջնակետում։
Այնուամենայնիվ, պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ 2025 թվականին ավելի քան 10 միլիոն մարդ հերթ էր կանգնել շատրվանին մոտենալու համար, իսկ ամենածանրաբեռնված օրերին այցելուների թիվը օրական հասել էր շուրջ 70 000-ի, նշել է Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին։






































