Dolce & Gabbana նորաձևության տան համահիմնադիր Ստեֆանո Գաբանան այս տարվա սկզբին հրաժարական է տվել ընկերության նախագահի պաշտոնից՝ պահպանելով ստեղծագործական դերը, հայտնում է Reuters գործակալությունը։
Իտալական շքեղության բրենդից պարզաբանել են, որ Գաբանան հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռևս հունվարի 1-ին՝ որպես «կազմակերպչական կառուցվածքի և կառավարման բնականոն էվոլյուցիայի մաս»: Ընկերությունն ընդգծել է, որ այս փոփոխությունը չի ազդի Գաբանայի ստեղծագործական գործունեության վրա, և նա կշարունակի զբաղվել բրենդի ստեղծագործական տնօրինությամբ:
Նախագահի պաշտոնում նրան փոխարինել է Դոմենիկո Դոլչեի եղբայրը՝ Ալֆոնսո Դոլչեն, ով նաև զբաղեցնում է D&G-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ Գաբանան այժմ քննարկում է ընկերությունում իր 40% բաժնեմասի հետ կապված հնարավոր տարբերակները՝ վարկատու բանկերի հետ սպասվող բանակցություններին ընդառաջ։
Նորաձևության տունը հայտնվել է ֆինանսական բարդ դրության մեջ՝ կապված բարձրակարգ նորաձևության շուկայում անկման և Իրանում պատերազմի հետևանքով առաջացած անորոշության հետ, ինչն զգալիորեն հարվածել է Մերձավոր Արևելքի շուկային։
Մարտին հայտնի էր դարձել, որ ընկերությունը նշանակել է Rothschild & Co-ին որպես ֆինանսական խորհրդատու՝ պարտատերերի հետ բանակցություններ վարելու համար։ Այս պահին բրենդն ունի շուրջ 450 մլն եվրոյի բանկային պարտք։
1985 թվականին հիմնադրված Dolce & Gabbana-ն տարիների ընթացքում բազմիցս հայտնվել է սկանդալների կենտրոնում՝ սկսած ռասիզմի մեջ մեղադրանքներից մինչև հոմոֆոբ հայտարարություններ։ Հատկապես ծանր էր 2018 թվականին չինական շուկայի հետ կապված միջադեպը, որը բրենդին արժեցել էր իր բիզնեսի մեկ երրորդը։ Չնայած կառավարչական փոփոխություններին և ֆինանսական մարտահրավերներին՝ հիմնադիրները շարունակում են պնդել, որ իրենց նպատակն է ստեղծել «ակնթարթորեն ճանաչելի» հագուստ, որն անկախ կլինի ժամանակակից թրենդներից։





































