Netflix-ը դուրս է եկել Warner Bros Discovery-ի ձեռքբերման շուրջ բանակցություններից՝ Paramount Skydance-ի նոր առաջարկից հետո, հաղորդում է Associated Press-ը։
Warner Bros Discovery-ն (WBD) ավելի վաղ հայտնել էր, որ տնօրենների խորհուրդը քննարկել է Paramount Skydance Corporation-ի (PSKY) միաձուլման նոր առաջարկը և այն գնահատել ավելի շահավետ, քան Netflix-ի հետ հնարավոր գործարքը։
Netflix-ի ղեկավարներ Թեդ Սարանդոսն ու Գրեգ Փիթերսը համատեղ հայտարարությունում նշել են, որ ընկերությունը կարող էր դառնալ Warner Bros-ի խորհրդանշական բրենդների «հուսալի կառավարիչը», սակայն շեշտել են՝ գործարքը երբեք «ցանկացած գնով պարտադիր ձեռքբերում» չէր։
Netflix-ը դեռ նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել էր WBD-ի առանցքային ակտիվները՝ Warner Bros կինոստուդիան, HBO հեռուստաալիքը և HBO Max հոսքային հարթակը ձեռք բերելու մտադրության մասին՝ մեկ բաժնետոմսը գնահատելով 27,75 դոլար։ Սկզբում նախատեսվում էր, որ գործարքի մի մասը կվճարվի Netflix-ի բաժնետոմսերով, սակայն հունվարին կողմերը պայմանավորվել էին ամբողջական կանխիկ հաշվարկի շուրջ։ Մասնագետների գնահատմամբ՝ այդ որոշումը կավելացներ Netflix-ի պարտքային բեռը և ներդրողների մոտ հարցեր կառաջացներ գործարքի շահութաբերության վերաբերյալ։
Միաժամանակ, Paramount Skydance-ը WBD-ի բաժնետերերին ներկայացրել է սեփական առաջարկը՝ 30 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց, ինչը մոտ 8%-ով բարձր էր Netflix-ի առաջարկից։ Ի տարբերություն Netflix-ի տարբերակի՝ PSKY-ի առաջարկը վերաբերում է ամբողջ WBD-ի ձեռքբերմանը, ներառյալ՝ Global Networks հատվածը, որի կազմում են CNN-ը, TNT Sports-ը, Discovery-ն և այլ խոշոր հեռուստաալիքներ։
Մեդիաաղբյուրները նշում են, որ հենց Global Networks-ի ճակատագիրն է դարձել երկու առաջարկի հիմնական տարբերությունը․ Netflix-ը նախատեսում էր այն առանձնացնել առանձին ընկերության մեջ, մինչդեռ Paramount-ը պատրաստակամ է ինտեգրել այն սեփական կառուցվածքում։
Ավելի ուշ Paramount-ը ներկայացրել է լրացուցիչ պայմաններ, այդ թվում՝ հիմնական բրենդների պահպանման ընդլայնված երաշխիքներ և գործարքի ֆինանսավորման հստակեցված մեխանիզմներ, ինչն ավելի է բարձրացրել առաջարկի գրավչությունը։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ հնարավոր միաձուլումը կարող է դառնալ վերջին տարիների մեդիաարդյունաբերության խոշորագույն գործարքներից մեկը և էապես փոխել բովանդակության շուկայի ուժերի հարաբերակցությունը։





































