Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմամբ զբաղվող Lydian Armenia ընկերությանը թույլատրել են Արփա գետից վերցնել 11 լ/վրկ ծավալով ջուր՝ հանքում շինարարական աշխատանքների համար: Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում:
Նշվում է, որ ավելի վաղ երկու անգամ ընկերությունը դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019թ․ դեկտեմբերի 23-ին Ընկերությունը դիմել է նախկինից ավելի փոքր ծավալով ջրօգտագործման հայտով, որն ըստ հաշվարկների բավարար կլինի Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու համար։
Ընկերությունը դիմել է նաև երկարաժամկետ գործունեության համար Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի հայտով, որը նույնպես մերժվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ 2019թ․ հոկտեմբեր ամսին։ Ընկերությունը վիճարկում է նախարարության այդ մերժումը Հայաստանի վարչական դատարանում։
«Գնահատելի է, որ կառավարությունը տրամադրել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը ջրօգտագործման թույլտվությունը, որն անհրաժեշտ է շինարարությունը վերսկսելու համար։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ Ընկերությունը՝ շարունակվող ապօրինի շրջափակման պատճառով, դեռևս զրկված է իր տարածք մուտք գործելու հնարավորությունից, ինչը հանգեցրել է նրան, որ Ընկերությունը չի կարողացել ներգրավել Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորում», — ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը։
Ընկերությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել անհետաձգելի միջոցներ՝ դադարեցնելու Ամուլսարի ապօրինի շրջափակումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







