Հայաստանը հետաքրքրված է բարձր որակի և մրցունակ գներով իրանական հեղուկ գազով, ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարիի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա՝ դա կարող է դառնալ երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության հիմք՝ միաժամանակ նպաստելով երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։
Նախարարի խոսքով՝ նավթի և նավթամթերքների առևտրի ընդլայնումը, հեղուկ և բնական գազի մատակարարման ենթակառուցվածքների զարգացումը, համատեղ ներդրումները էներգետիկայի ոլորտում, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ հանգույցների («Հյուսիս-Հարավ», «Խաղաղության խաչմերուկ») արդյունավետ օգտագործումն ընդգրկող ոլորտները պետք է ընդլայնվեն։
Պապոյանը նաև կարևորել է Հայաստանի և Իրանի միջև տնտեսական ոլորտում ձևավորված սերտ գործընկերության զարգացումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանի ստանդարտների ազգային կազմակերպության միջև օգոստոսի 19-ին ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







