ՀՀ Կառավարությունն այսօր՝ ապրիլի 9-ին, տեղի ունեցած նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը։
Միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հանրապետության միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին:
Միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն անձինք, ովքեր`
— 2019 թվականին ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ,
— 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր,
— 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով։
Նշվում է, որ շահառու անձինք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՀՀ ՊԵԿ) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակեպություն ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման հայտ, սակայն ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա չունեն.
Այս աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
-որոնց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը.
-ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից.
-ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ, մարտի 30-ի N 410-Լ, մարտի 30-ի N 412-Լ և ապրիլի 2-ի N 427 –Լ որոշումներով սահմանված որևէ միջոցառման շահառու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







