Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։
Այս մասին ասել է ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։
«Գազպրոմ Արմենիան» 2020 թվականի հուլիսի 1-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020 թ. օգոստոսի 1-ից, առաջարկում է սահմանել հետևյալ սակագները. ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝ 100 000 դրամի փոխարեն սահմանել 135 909․6 դրամ։
Ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10.0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի 139 000 փոխարեն 135 909․6 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







