Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին ընդունել է JHM հիմնադրամի հիմնադիր, բարերար Լիսա Գրիգորյանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում երեխաների և պատանիների շրջանում տեխնոլոգիական կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես, Գյումրիում և հանրապետության մարզերի այլ քաղաքներում: Նրանք նշել են, որ այժմ ՀՀ կառավարության նկատմամբ ներդրողների մոտ առկա է վստահության բարձր մակարդակ՝ արդյունքում էլ կյանքի են կոչվում նման տարբեր ծրագրեր, ի հայտ են գալիս նորանոր նախաձեռնություններ:
Վարչապետ Փաշինյանը հետաքրքիր է համարել ներկայացված գաղափարներն ու նախաձեռնությունները՝ նշելով. «Կառավարությունը կարևորում է JHM-ի և Թումոյի կողմից իրականացվող ծրագրերը»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Թումոն միջազգային ասպարեզում դարձել է Հայաստանի բրենդը և կառավարությունն իր աջակցությունն է հայտնում առաջիկայում նախատեսվող ծրագրերին:
Վարչապետը հավելել է, «Թումոյի ծրագրերը համապատասխանում են կառավարության ապագայի տեսլականին և համահունչ են կրթության ոլորտում վերջինիս առաջնահերթություններին»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք միտված են մասնագիտությունների վերամոդելավորմանը՝ շուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: «Կարևոր է, որ ձեր ծրագրերը միայն բարեգործություն չեն, այլ ներդրում՝ ապագայի մեջ»,- ասել է կառավարության ղեկավարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







