Բենզինի շուկայում մոտ ժամանակներս նոր խաղացող է հայտնվելու: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Գևորգյանը հայտնեց, որ բենզինի շուկայում «Պետրոլ մարկետ»-ի 100 տոկոսը ձեռք է բերվել ընկերությունների կողմից, որոնք փոխկապակցված ընկերություններ են:
Խոսելով երեք գործարքների մասին՝ նա հավելեց․ «Մյուս գործարքը վերաբերում է Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատին, որի շուրջ 60 տոկոս փայաբաժին ձեռքբերում իրականացվել է ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերության» կողմից: Սա հանքարդյունաբերության ոլորտում այս տարվա ամենախոշոր գործարքն է եղել»։
Երրորդ խոշոր գործարքը հեռահաղորդակցության ոլորտում է: Նա հայտնեց, որ Rostelecom ընկերության բաժնետոմսերը ձեռք են բերվել ՀԷՑ-ի և ֆիզիկական անձի կողմից:
Գևորգյանը հայտնել է, որ տարվա ընթացքում քննվել է հակամրցակցային համաձայնությունների երկու գործ, գերիշխող դիրքի չարաշահումների 15 վարույթ, համակենտրոնացման հայտարարագրումների քանակն աճել է՝ դառնալով 25, չհայտարարագրված համակենտրոնացումների հարցով 11 վարույթ է հարուցվել:
Անդրադառնալով գնաճին՝ նա շեշտել է, որ Հայաստանում ձվի շուկայում արձանագրվել է գների չհիմնավորված աճ։ Ըստ նրա՝ շարունակում է պահպանվել նաև շաքարավազի բարձր գինը։ Նրա խոսքով՝ եթե մայիսին շաքարավազի 1 կգ-ն համար 390 դրամ էր, ապա այսօր 400 դրամ է։ ՏՄՊՊՀ նախագահը նաև հույս հայտնեց, որ բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում իրավիճակը կբարելավվի: Ըստ Գևորգյանի՝ ռուսական բենզինի գնի մեջ զգալի մասնաբաժին են կազմում լոգիստիկ ծախսերը, որոնք երբեմն հասնում են մինչև 120 դոլար մեկ տոննայի դիմաց: Նա հայտնել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ, ինչը թույլ կտա նվազեցնել այդ ծախսերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







