Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է մշտադիտարկում իրականացնել շաքարավազի շուկայում։ Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։
«Հանձնաժողովն արձանագրել է խոշոր առևտրային կենտրոններում շաքարավազի մանրածախ գնի բարձրացում շուրջ 20 դրամով։
Շաքարավազի գնի բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ և հարցումներ է իրականացնում։
Հարկ է հավելել նաև, որ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդի որևէ դրսևորում չի արձանագրվել»,- պարզաբանել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։
Հիշեցնենք, որ մամուլում շրջաառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում շաքարավազի շուկան դարձյալ քաոսային վիճակում է գտնվում. շաքարավազի ոչ միայն գինն է բարձր, այլև խանութներ կան՝ շաքարավազ չկա։ Վերջին օրերին խանութներում և սուպերմարկետներում շաքարավազ չեն կարողանում պարկով գնել։
Ի դեպ, մարզային որոշ գյուղերի խանութներում բնակիչները շաքարավազ չեն կարողանում անգամ մեկ կիլոգրամ գնել, քանի որ չկա։
Շաքարավազի մեկ կիլոգրամը վաճառվում է 420-450 դրամի սահմաններում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







