Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում է գտնվում ՀՀ պատվիրակությունը, որի կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, Դիլիջանի ՈւՀԿ ղեկավար Արմեն Նուրբեկյանը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ՝ պատվիրակությունն անցկացրել է մի շարք հանդիպումներ: Մասնավորապես կայացել է հանդիպում ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյի և փոխտնօրեն Ռիչարդ Դորնբուշի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՀ առաքելության վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները և ԱՄՀ հետ հաստատված ծրագրի կատարման ընթացքը: Էնթոնի Դե Լաննոյը նշել է, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի զարգացմանը միտված քայլերը և ուրախ է արձանագրել գրանցված դրական արդյունքները:
Հայաստանի պատվիրակությանը ընդունել է նաև ԱՄՀ Միջին արևելքի և կենտրոնական ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը: Պարոն Ջիհադ Ազուրը և կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պայմանավորվածություն են ձեռք բերել 2020թ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում ԱՄՀ հետ համատեղ գիտաժողովի անցկացման հարցում: Կողմերը պայմանավորվել են համատեղ քննարկել գիտաժողովի անցկացման ճշգրիտ ժամկետներն ու քննարկվող թեմաների շրջանակը՝ դիտարկելով նաև այն ավանդական դարձնելու հնարավորությունը: