Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում ներկա է գտնվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Զայլինքս Արմենիա» ընկերության երևանյան մասնաճյուղի բացման արարողությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը շրջայց է կատարել ընկերությունում և ծանոթացել աշխատանքային պայմաններին և գործունեությանը:
Ընկերության երևանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 20 մարդ, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 50-ի, 3 տարի անց՝ 200-ի: «Զայլինքս Արմենիա»-ն համագործակցություն է սկսել նաև հայաստանյան բուհերի հետ՝ համատեղ հետազոտական ծրագրեր մշակելու նպատակով:
«Զայլինքս Արմենիա» ընկերությունն զբաղվում է նորարարական և ինժեներական լուծումների մշակմամբ՝ տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության և այլ ոլորտների համար: Ընկերությունը տարբեր երկրների մասնաճյուղերում ունի մոտ 5 հազար աշխատակից և հաճախորդներ՝ աշխարհի ավելի քան 60 երկրներում: 2019 թվականի ընթացքում «Զայլինքս»-ն արդեն իսկ ստացել է 3.06 միլիարդ դոլարի եկամուտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







