Հայաստանը երեք ուղղություններով աշխատանքներ է տանում՝ ներառվելու «YouTube»-ի գործընկերների ծրագրում (YouTube Partner Program), ինչը թույլ կտա հայաստանցի բլոգերներին, ընկերություններին իրենց ստեղծած բովանդակությունից գումար աշխատել և այն կանխիկացնել հայկական բանկային քարտով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Հակոբ Արշակյանը նշեց, որ YouTube partner program-ը թույլ է տալիս, որ իր գործընկեր լինելով, կարողանաս YouTube-ում դրվող բովանդակությունից գումար գեներացնել, իսկ Հայաստանն ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնք կարող են լինել YouTube partner program-ի մաս:
«Կարելի է գումարը գեներացնել, սակայն հնարավոր չէ հայկական բանկային քարտով հանել այն: Բլոգերները, այն ընկերությունները, որոնք ուզում են կոնտենտից գումար աշխատել, գնում և այլ երկրներում են գրանցում իրենց ընկերությունները»,-ասաց Արշակյանը՝ հավելելով, որ «YouTube»-ում փնտրելիս հայկական բովանդակության նույնականացման խնդիր ևս կա:
Անդրադառնալով այս ուղղությամբ իրականացվող աշխատանքին՝ Հակոբ Արշակյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ 3 ճակատով աշխատում են:
«Դրանցից առաջինը պաշտոնական խողովակներն են, այդ միջոցներով նախարարը գրություն է փոխանցել, խնդրել, որ աջակցեն: Երկրորդը՝ նախարարը Սիլիկոնյան հովտում հանդիպել է «Google»-ում ու «YouTube»-ում աշխատող հայերի խմբի հետ, առաջադրել խնդիրները: Արդյունքում նրանք նույնպես փորձում են մեխանիզմներ գտնել: Երրորդ ուղղությամբ սփյուռքահայերն են փորձում աջակցել»,- ասաց Հակոբ Արշակյանը։
Խոսելով Google Maps-ում առկա խնդիրների մասին՝ Արշակյանը նշեց, որ Հայաստանում փորձում է նաև լուծել Google Maps-ում առկա խնդիրները, դրանցից մեկն Արցախի՝ քարտեզի վրա բաժանված չլինելն է:
«Պետությունն ուշադրություն է դարձնում նաև PayPal և Google Pay վճարային համակարգերին: Մի մասով հաջողություն արձանագրել ենք արդեն անցյալ տարի: Նախկինում Հայաստանում գործող ընկերությունը, որն իր հավելվածը ներառում էր Google store-ում, չէր կարողանում գումար ստանալ, քանի որ Հայաստանը ներառված չէր գործընկերների ցուցակում, սակայն հիմա արդեն ներառված է: Դա լավ հնարավորություն է, որ հայկական ընկերությունները չգնան ու ուրիշ տեղեր չգրանցվեն»,-ասաց Հակոբ Արշակյանն ու նշեց՝ նույնը պետք է անեն նաև YouTube-ի և PayPal-ի դեպքում: