Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Ջիակոմինիին և հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին։
Նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ջեֆ Ջիակոմինին քննարկել են համատեղ ծրագրերի արդյունքները։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Պարոն Ջիակոմինին իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված ու ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։
«Հայաստանի կառավարությունն էականորեն ավելացրել է անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսավորումը, իսկ հաջորդիվ խոշորածավալ ծրագրեր են նախատեսվում անտառվերականգնման ոլորտում»,-նշել է Նախարար Գրիգորյանը։
Ջեֆ Ջիակոմինին տեղեկացրել է նաև, որ Կովկասի բնության հիմնադրամը 2020 թվականին Հայաստանին կտրամադրի շուրջ 900.000 եվրո դրամաշնորհ։ Գումարը հիմնականում կուղղվի բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին և այլ ընթացիկ ծախսերի համաֆինանսավորմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







