ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ից 7-ը Տաշքենդում՝ «Ուզէքսպոցենտր» ցուցահանդեսային համալիրում կանցկացվի «ԻՆՆՈՊՐՈՄ․ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ապրիլի 5-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կմասնակցի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստի աշխատանքներին, ինչպես նաև կմասնակցի ցուցահանդեսի միջոցառումներին։
Ցուցահանդեսի նպատակն է Կենտրոնական Ասիայի երկրների հետ արդյունաբերական համագործակցության ընդլայնումը, արդյունաբերության զարգացման նոր կետերի բացահայտումը, գործարար կապերի հաստատումը և ամրապնդումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ Ցուցահանդեսը կունենա մեքենաշինության, մետաղագործության, թեթև արդյունաբերության, էներգետիկայի, քիմիայի, դեղագործական և բժշկական արտադրանքի բաժիններ։
Ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնեն Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ֆրանսիայի, Բելառուսի, Ղազախստանի ինչպես խոշոր ընկերությունները, այնպես էլ միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները: Հայաստանի ընկերությունները նույնպես կարող են մասնակցել ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց արտադրանքը։ Ցուցահանդեսին մասնակցելու համար գրանցման մանրամասներին կարելի է ծանոթանալ հղումով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







