ՀՀ Կառավարության այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծը:
Նախարարը նշեց, որ նախագծով ներկայացվում են ընդերքօգտագործման բնագավառին առնչվող մեծ թվով հարցեր և դրանք հիմնականում պատասխանատու ընդերքօգտագործող ունենալու, ընդերքը ռացիոնալ և արդյունավետ օգտագործելուն առնչվող հարցեր են, որոնք առաջացել և իրենց ուշադրությունը գրավել են մեկ տարվա ընթացքում։
«Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի և տեղամասերի մասնատումը և պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով: Սա մի կարևոր պատճառ ունի․ նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածները օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները՝ թողնել»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ նախագիծը կբացառի նման հարցերը:
Նախարարը տեղեկացրեց, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել ու հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում:
«Սա արվում է նրա համար, որ ցանկացած գործարար, որը ցանկանում է ներդրում կատարել, արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանզի Հայաստանում բոլոր ուսումնասիրությունները հիմնականում 50-ականներին են կատարվել։ Մենք ամենևին չենք ուզում ասել, որ ուսումնասիրությունները սխալ են, այլ արդի աշխարհում դրանք հստակեցման թարմացման կարիք ունեն»,- ասաց Պապիկյանը:
Պապիկյանը նշեց, որ նախագծով նաև իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը կփոխվի 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար առավելագույն ժամկետը կսահմանվի 15 տարին՝ նշեց գերատեսչության ղեկավարը:
Նախարարը նշեց, որ հաճախ սահմանվում են 50 տարով թույլտվություններ, սակայն դա այնքան էլ ճիշտ չէ, իսկ անհրաժեշտության դեպքում ժամկետը կարելի է երկարացնել և ցանկալի է սահմանել ավելի ցածր ժամկետ։
«Նախագծով առաջարկվում է մշակել ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի պաշարների դասակարգման հրահանգներ՝ ըստ յուրաքանչյուր օգտագար հանածոյի, որոնց մշակման նպատակով արդեն համախմբել են ոլորտի և ակադեմիայի մեծ թվով ներկայացուցիչներ»,- ասաց Պապիկյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







