Լոնդոնի ICE բիրժայի տվյալների համաձայն՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի ֆոնին Եվրոպայում գազի արժեքն աճել է 28%-ով, հայտնում է Bloomberg-ը։
Պատճառը Հորմուզի նեղուցով նավարկության գրեթե լիակատար դադարեցումն է: Այս նեղուցը համարվում է առանցքային ծովային երթուղի, որով անցնում է հեղուկ բնական գազի համաշխարհային արտահանման մոտ մեկ հինգերորդ մասը: Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո կտրուկ աճել են նաև նավթի և ոսկու համաշխարհային գները:
Goldman Sachs-ի տվյալներով՝ Հորմուզի նեղուցով մատակարարումների մեկամսյա դադարը կարող է ավելի քան կրկնապատկել գազի գները Եվրոպայում: Իրավիճակը բարդանում է ամառային սեզոնի նախաշեմին տարածաշրջանում վառելիքի ցածր պաշարներով պայմանավորված:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ամբողջությամբ փակել է նավթային տանկերների անցման համար օգտագործվող Հորմուզի նեղուցը: Իսրայելի և ԱՄՆ-ի՝ Իրանին հասցրած հարվածների ֆոնին մի շարք խոշոր նավթային ընկերություններ դադարեցրել են նավթի և վառելիքի մատակարարումները նեղուցով:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ավելի վաղ խոսել էր երկխոսության պատրաստակամության և Իրանում ռազմական գործողությունը ևս չորս շաբաթ շարունակելու հնարավորության մասին: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել էր, որ երկիրը բանակցություններ չի վարելու ԱՄՆ-ի հետ:






































