Երևանում տեղի ունեցավ Հայկական ժողովրդական երգերի և պարերի նոր առցանց շտեմարանի շնորհանդեսը: Նախագծի հեղինակ, «Արի Պարի» և ERGIR.am նախաձեռնությունների հիմնադիր Համազասպ Ասլանյանը ներկայացրեց AriPari պորտալը, որը կգործի Telegram-ում։
Շնորհանդեսը տեղի ունեցավ օգոստոսի 22-ին՝ Անգլիական այգում: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին այնտեղ՝ ծանոթանալու առցանց հանրագիտարանին և պարելու ազգային պարեր:

Մեդիագրադարանը պարունակում է ավանդական պարերի, պատմական ակնարկների և խորհրդանշական բացատրությունների վերաբերյալ ավելի քան 100 ուսուցողական տեսադաս։ Հավաքված հին և նոր աուդիոձայնագրությունների քանակը գերազանցում է 500-ը։

Հատուկ ուշադրության են արժանի մի քանի տասնյակ ակադեմիական հոդվածներ և գրքեր՝ նվիրված հայ ազգային պարին, ազգագրական ուսումնասիրություններին և հայտնագործություններին, որոնք արդեն հասանելի են հարմար ձևաչափով: Գրադարանում ներկայացված են Կոմիտասի, Գարիկ Գինոսյանի, Սրբուհի Լիսիցյանի, Էմմա Պետրոսյանի, Ժենյա Խաչատրյանի, Նաիրա Կիլիչյանի, Հովան Դաշտոգյանի և այլ հետազոտողների ստեղծագործությունները։
Մուլտիմեդիա հավաքածուն կգործի անվճար բոտի ձևաչափով և հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Ասլանյանը նշեց, որ նյութերի հավաքագրումն իրականացվել է կամավորների աշխատանքի և մի շարք հայկական խմբերի ակտիվ մասնակցության շնորհիվ։ Բոտը ներառում է նաև Երևանում, Հայաստանի մարզերում և Սփյուռքում գործող բոլոր էթնիկ համույթների մասին տվյալներ։

Ասլանյանն իր ելույթում ընդգծեց «Կարին» համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Արցախյան պատերազմի մասնակից՝ Գագիկ Գինոսյանի դերը հայկական ազգային պարի տարածման գործում։

Նա կոչ արեց շարունակել 2024 թվականին մահացած պարուսույցի աշխատանքը, և ազգային երգն ու պարը տարածել լայն հանրության շրջանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







