Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:41

El Genocidio Armenio. նոր գրքի հեղինակը լավատես է Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

El Genocidio Armenio. նոր գրքի հեղինակը լավատես է Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Իսպանիայում առաջին անգամ լույս է տեսել փաստագրական ամփոփ գիրք Հայոց ցեղասպանության մասին: «Հայոց ցեղասպանություն» (El Genocidio Armenio) իսպանալեզու գրքի հեղինակը՝ Մադրիդի Սան Պաբլո համալսարանի արդի համաշխարհային պատմության դասախոս, իրավաբան Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան, տարիներ շարունակ ուսումնասիրում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից իրականացված մեծ եղեռնագործությունը և պայքարում է Իսպանիայում համապետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Գրքի հեղինակը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ այն գրել է հանուն արդարության՝ նպատակ ունենալով ավելի ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանության փաստը Իսպանիայի հասարակության շրջանում և իր հայրենակիցներին պատմել աշխարհի աչքի առջև տեղի ունեցած մեծ ոճրագործության, դրա անպատժելիության, նաև՝ Եղեռնի օրերին հայերի հերոսական դիմադրության ու նրանց փրկած այլազգիների մարդասիրության մասին:

«Այս գիրքը պարզապես մի համեստ փորձ է փաստերը շարադրելու և ճանապարհ բացելու՝ Իսպանիայի լայն հասարակության կողմից Հայոց ցեղասպանությունը ավելի լավ հասկանալու համար», — «Արմենպրես»-ին հայտնել է գրքի հեղինակը:

Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան հայկական արմատներ չունի: Ասում է՝ հայերի հետ իր միակ առնչությունն այն է, որ իր հայրը շատ էր սիրում հայկական երաժշտություն: Այդ պատճառով ինքն էլ մանկուց հետաքրքրված է եղել հայկական մշակույթով: 2012 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո դե լա Սերնան որոշել է կենտրոնանալ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության վրա, և դրանից 10 տարի անց նա վերջապես հրատարակել է իր գիրքն այդ թեմայով:

Ըստ հեղինակի՝ գրքում շարադրված է Հայոց ցեղասպանության համառոտ պատմությունը, մասնավորապես՝ 1894-96 թթ. համիդյան ջարդերը, 1909 թ. Ադանայի կոտորածը, Օսմանյան կայսրությունում հայերի քաղաքական բռնաճնշումների գաղափարական և քաղաքական արմատները, ցեղասպանության նախապատրաստումը (իրավական հիմքեր, ռազմական և կիսառազմական ստորաբաժանումների ձևավորում և այլն) և ցեղասպանության տարբեր շրջափուլերը՝ զանգվածային ձերբակալություններ, գույքի առգրավում, տեղահանություններ, մահվան երթեր Սիրիայի և Իրաքի անապատներով, և ի վերջո՝ կոտորած:

Ռիկարդո Ռուիսը չի մոռացել հիշատակել նաև 1915 թվականի ինքնապաշտպանական հերոսամարտերի ժամանակ շատ բնակավայրերում հայերի ցույց տված հերոսական դիմադրության մասին:

«Երբեմն մարդիկ կարծում են, թե հայերը լուռ համակերպվել են իրենց ճակատագրի հետ, «ինչպես գառը՝ մսագործի մոտ տանելիս», բայց դա այդպես չէ: Նրանք, որտեղ կարող էին՝ կռվել ու դիմադրել են: Թերևս, ամենահայտնի օրինակը 1915 թ. հուլիսին Մուսա լեռան դիմադրությունն է», — ասել է հեղինակը:

«Հայոց ցեղասպանություն»-ը գրքում իսպանացի ուսումնասիրողը գրել է նաև հայերին պատկանող գույքի (տներ, եկեղեցիներ, ձեռնարկություններ) նյութական ոչնչացման և առգրավման, ինչպես նաև՝ այն անարդար օրենքների մասին, որոնք դա հնարավոր են դարձրել:

Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան իր գիրքն ամփոփել է հայերի ցեղասպանության՝ այդ թվում իսպանական աղբյուրներից, իսպանացի գիտնականներից և հեղինակներից ձեռք բերված ապացույցների շարադրումով՝ վերջաբանում բարձրացնելով ցեղասպանության անպատժելիության հարցը:

«Հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել ամբողջ աշխարհի աչքի առջև: Չմոռանանք, որ լրագրողները հաղորդում էին այդ մասին շատ վայրերից՝ Կոստանդնուպոլսից, Հալեպից և այլն: Հետագայում այն ժխտվեց և հիմնականում անպատիժ մնաց: Այս անպատժելիությունը 20-րդ դարի մեծագույն անարդարություններից է», — ասել է դե լա Սերնան:

Հեղինակի կարծիքով՝ Հայոց ցեղասպանությունը նաև շատ արժեքավոր դասեր է տալիս միջազգային հանձնառությունների, հիշողության կարևորության, արդարության, կռվելու և դիմադրելու անհրաժեշտության մասին: Այս տեսանկյունից հեղինակը արժանին է մատուցում բոլոր այն մարդկանց, ովքեր փորձեցին օգնել և որոշ դեպքերում՝ կարողացան փրկել հայերի:

«Նրանք չպետք է մոռացվեն: Ավելին, նրանք պետք է օրինակը դառնան այն բանի, թե ինչ է ճիշտը և ինչ է պարկեշտը՝ մշակութային, ազգային կամ կրոնական տարբերություններից անդին», — շեշտել է «Արմենպրես»-ի զրուցակիցը:

Դե լե Սերնայի խոսքով՝ «Հայոց ցեղասպանություն»-ը գիրքը շատերն են ողջունել Իսպանիայում: Հեղինակը հույս ունի, որ գրքի հրատարակումը նաև կնպաստի Իսպանիայում հայագիտության մակարդակի բարձրացմանը և այլ երկրների գիտնականների ու հետազոտողների հետ համագործակցության ձևավորմանը:

«Ես երկար ժամանակ պայքարում եմ Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Սա լայն հասարակության համար նախատեսված գիրք է, որն ընդհանուր գիտելիքներ է տալիս թեմայի վերաբերյալ: Ես կուզեի, որ իմ հայրենակիցները նաև որոշ իսպանական աղբյուրներից լսեին ու կարդային ոչ միայն ցեղասպանության պատմությունը, այլև հայերի հերոսականության, դիմադրության և մարդկության պատմությունները: Եվ անշուշտ, ես կուզեի բարձրաձայնել ոչ միայն ճանաչման անհրաժեշտության, այլև՝ այս սարսափելի ճակատագրին առերեսվող հայերի տառապանքների և արժանապատվության մասին»,- նշել է հեղինակը:

Հարցին, թե ի՞նչ հեռանկարներ է տեսնում Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իսպանացի հետազոտողը պատասխանեց, որ ինքը լավատես է ճանաչման հարցում:

«Ես մեծամասամբ վստահ եմ ու լավատես՝ ճանաչման առումով: Գուցե դրա համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց հայերը շատ լավ գիտեն համբերության, համառության և հույսի արժեքը: Ես հիշում եմ այն պատմությունը, թե ինչպես էին հայերը ցեղասպանության ժամանակ գրքերը մասերի բաժանում՝ դրանք փրկելու համար: Այդ գրքերը փրկվում էին ոչ թե ներկա, այլ գալիք սերունդների համար: Եվ դա արվում էր ոչ թե հուսահատությունից դրդված, այլ՝ ի շնորհիվ հավատի ու ապագայի հանդեպ հույսի: Ապագայի հանդեպ այդ վստահությունը հարգանքի է արժանի: Թեև կնախընտրեի, որ իմ գիրքը մասերի չբաժանվեր, եթե, իհարկե, դա չի արվում այն փրկելու համար», — իր խոսքն այսպես՝ կեսկատակ-կեսլուրջ, բայց ամեն դեպքում՝ լավատեսորեն է եզրափակում «Հայոց ցեղասպանություն»-ը գրքի հեղինակը:

Իսպանիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գրքի լույս տեսնելու կապակցությամբ Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը հունիսի 13-ին ընդունել էր գրքի հեղինակ Ռիկարդո Ռուիս դե լա Սերնային՝ ընդգծելով գրքի հրատարակման կարևորությունը Իսպանիայում Հայոց ցեղասպանության իրազեկվածության բարձրացման գործում:

Իսպանիայի Թագավորությունը առայժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի կամ կառավարության մակարդակով, բայց փոխարենը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր են ընդունել իսպանական բազմաթիվ քաղաքների, շրջանների կամ նահանգների օրենսդիր կամ գործադիր մարմինները: Դրանց թվում են Նավառան, Վալենսիան, Մալագան, Սան Սեբաստիանը, Կատալոնիան, Բասկերի երկիրը և այլն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+