«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոնների շրջանակում Հայաստանը կհյուրընկալի այնպիսի մեծանուն արտիստների, ինչպիսիք են Գարուն, Զազը դաշնակահարներ Դենիս Մացուևը, Եֆիմ Բրոնֆմանը և այլք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն, «Սոնատի» ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը:
Նա ընդգծել է, որ «Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակում 2022-ի մայիսին Երևանում տեղի կունենա Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի 70-րդ գագաթնաժողովը: Հովհաննիսյանն ասաց, որ փառատոնն ասոցիացիայի անդամ է:
«Փառատոններ են նախաձեռնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ պատերազմող երկրներին հաշտեցնելու նպատակով, և մենք 2013 թվականից աշխատում ենք փառատոնային գագաթնաժողովներից մեկը Հայաստան բերելու համար»,-նշեց նա և տեղեկացրեց, որ գագաթնաժողովին Եվրոպայից 25 քաղաքապետ կժամանի Երևան, 100 փառատոնի ղեկավար: Համերգներով կներկայանան աշխարհահռչակ դասական երաժիշտներ դաշնակահար Դենիս Մացուևը, «Գրեմմի»-ի դափնեկիր դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը և այլք:
Նրա խոսքով՝ ապրիլին Ֆրանկոֆոնիայի շրջանակում Մարզահամերգային համալիրում հանդես կգա ֆրանսիացի երգիչ Գարուն:
Սոնա Հովհաննիսյանը հայտնեց, որ «Սոնատի» ընկերության ջանքերով կյանքի են կոչելու «Հայա» ճամբարայի ձևաչափի փառատոնը, որի առաջին համերգը տեղի կունենա հունիսի 30-ին բացօթյա հարթակում: «Այն անցկացվելու է Արագածոտնի մարզում: Ժամանելու են փոփ, ջազ, ռոք և այլ ժանրերում ստեղծագործող արտիստներ: Հուլիսի 1-ին կլինի «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ ծրագիրը, որի նպատակը խմբի երգերը մշտապես հնչեցնելն է, հաջորդ օրը ելույթ կունենա ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը: Ակնկալում ենք հյուրընկալել մինչև 100 հազար մարդու»,-շեշտել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







