Լուի դը Ֆյունեսին վստահաբար հիշում են բոլորը: Ֆրանսիական կատակերգական ժանրի կինոյի ամենավառ դեմքերից մեկը՝ Լուի դը Ֆյունեսը ծնվել էր 1914 թ. հուլիսի 31-ին Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս քաղաքում:
Նա կինոյով սկսել է զբաղվել միայն 30 տարեկանից: Մինչ դերասան դառնալը Լուի դը Ֆյունեսը եղել է հաշվապահ, կոշիկ մաքրող, զբաղվել է ցուցափեղկերի դիզայնով, գումար է վաստակել թիթեղագործությամբ և տոմսավաճառությամբ, սրճարանում դաշնամուրային ջազ նվագելով:
Ապագա սիրելի դերասանը վարժ խոսում էր անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն, սիրում էր դաշնամուր նվագել և նկարել:
Դերասանի առաջին ֆիլմը Ժան Սթենլիի «Բարբիզոնյան գայթակղություն//La Tentation de Barbizon» 1945 թ. ֆիլմն էր:
18 տարվա ընթացքում (1945-1963 թ.թ.) դերասանը նկարահանվել է 112 ֆիլմում՝ էպիզոդիկ դերերում:
Դերասանը իր կարիերայի գագաթնակետին է հասել 60-ական թթ․ սկսած, երբ արդեն 46 տարեկան էր:
«Երբեք չեմ ափսոսացել իմ կարերիայի դանդաղկոտության համար, այդ փաստը ինձ օգնեց շատ ավելի լավ հասկանալ ու պատկերացնել իմ մասնագիտությունը»,- մի առիթով ասել է դերասանը։
Ֆրանսիացի տաղանդավոր դերասանի ամենահայտնի ֆիլմերից են «Ժանդարմը Սան -Տրոպեից» 1964, «Ֆանտոմաս» 1964, «Ֆանտոմասը կատաղել է» 1965, «Ֆանտոմասն ընդդեմ Սքոթլանդ Յարդի» 1967:
1980 թ. դերասանն արժանացել է Սեզար մրցանակի՝ «Ֆրանսիական և համաշխարհային կինոյի մեջ մեծ ներդրում ունենալու համար»:
1975թ. Լուի դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆարկտ է տանում: Բժիշկների պնդմամբ դերասանը հեռանում է կինոյից և տեղափոխվում Նանտից ոչ հեռու գտնվող 17-րդ դարի իր առանձնատունը: Այնտեղ էլ դերասանը տարվում է վարդեր աճեցնելով:
Հատկանշական է, որ «Մեյան» ֆիրմայի աճեցրած վարդի տեսակներից մեկը կոչվել է Լուի դը Ֆյունես՝ ի պատիվ մեծ դերասանի:
Լուի դը Ֆյունեսը մահացել է 1983 թ.-ի հունվարի 27-ին սրտի կաթվածից: