Կազանի քաղաքային իշխանությունները հող են հատկացրել հայկական եկեղեցու և մշակութային կենտրոնի կառուցման համար։ Այս մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունից։
«Փետրվարի 11-ին Մոսկվայի հայկական եկեղեցու նստավայրում Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ընդունել է Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում գրանցված եկեղեցական համայնքի նախկին և ներկա նախագահներ Նարվիկ Առաքելյանին և Վաղինակ Մանուկյանին: Խոսելով համայնքի կյանքի մասին՝ Վաղինակ Մանուկյանը նշեց, որ քաղաքային իշխանությունները հող են հատկացրել հայկական եկեղեցու և մշակութային կենտրոնի կառուցման համար։ Զրույցի ընթացքում քննարկվել են եկեղեցու նախագծին և շինարարությանը, ինչպես նաև Եզրաս Սրբազանին Կազան հրավիրելու և եկեղեցու հիմքերի օծման կարգ կատարելու հետ կապված հարցեր», -ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Կազանում հայկական եկեղեցու կառուցման համար կհատկացվի 230 քառակուսի մետր տարածք, տաճարի բարձրությունը կհասնի 27 մետրի: Եկեղեցական համալիրի տարածքում կլինի նաև այգի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







