Աթենքի Ակրոպոլիսի թանգարանը հայտարարել է Հայաստանից նախաքրիստոնեական շրջանի ավելի քան 100 ցուցանմուշի լայնածավալ ցուցահանդեսի մասին, հայտնել է Greek City Times-ը։
Նախաձեռնությունն Ակրոպոլիսի թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի միջև փետրվարի 16-ին ստորագրված համագործակցության հուշագրի արդյունք է։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրված փաստաթուղթը նախատեսում է մասնագիտական փոխանակումների և համատեղ գիտական ու ցուցահանդեսային նախագծերի զարգացում։
Ցուցահանդեսը համաշխարհային լսարանին հնարավորություն կտա ծանոթանալու Հայաստանի հնագույն պատմական և մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ նախաքրիստոնեական շրջանին։
Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլաոս Ստամպոլիդիսը Հայաստանի պատմության թանգարանի հետ գործընկերությունը համարել է կարևոր քայլ դեպի հայկական քաղաքակրթության ավելի լայն ներկայացում՝ նշելով, որ երկիրը հաճախ կապված է հիմնականում իր պատմության քրիստոնեական շրջանի հետ։
Աշնանը նախատեսված ցուցահանդեսը, ինչպես սպասվում է, միջազգային լսարան կգրավի թանգարանին, ուր տարեկան այցելում է ավելի քան մեկ միլիոն մարդ ամբողջ աշխարհից։
ԿԳՄՍ նախարարը հունվարին հայտարարել էր, որ Պատմության թանգարանի ցուցանմուշները կցուցադրվեն Ակրոպոլիսում։






































